Պորոշենկոն ստորագրել է ուկրաիներենը որպես միակ պետական լեզու ճանաչող օրինագիծը
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն չորեքշաբթի օրենք է ստորագրել «Ուկրաիներենի՝ որպես պետական լեզվի գործառույթի ապահովման մասին»: Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը, ստորագրման արարողությունը հեռարձակել են բոլոր ուկրաինական կենտրոնական հեռուստաալիքները:
«Ես որպես նախագահ Պյոտր Պորոշենկո բարձր պատիվ և հնարավորություն ունեմ ստորագրելու «Ուկրաիներենի՝ որպես պետական լեզվի գործառույթի ապահովման մասին» օրենքը», – ասել է երկրի ղեկավարը:
Երկրի ղեկավարի խոսքով՝ վերոնշյալ օրենքը «միավորում է ազգին», և ուկրաինացիները դրան սպասել են երկար-երկար տարիներ: «Այս օրենքը ոչ մի կերպ չի ազդում ազգային փոքրամասնություններից որևէ մեկի լեզվի վրա, որոնք ապրում են երկրի տարածքում», - հավելել է Պորոշենկոն:
Համապատասխան օրինագիծը Գերագույն ռադան ընդունել էր ապրիլի 25-ին: Այն ենթադրում է, որ քաղաքացիներն այժմ պարտավոր են ուկրաիներենն օգտագործել կյանքի բոլոր ոլորտներում: