Մեկ տարի շարունակ իշխանություններն առաջնորդվել են «բարիկադային» տրամաբանությամբ՝ հասարակությանը բաժանելով «սևերի» ու «սպիտակների»
«Փաստը» գրում է. «Հայաստանում 2018 թվականին տեղի ունեցած հեղափոխությունը «ռոմանտիզմի՝ պրագմատիզմի նկատմամբ տարած հաղթանակ» էր. ռուսական РБК ТВ-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Սակայն գումար դրա համար, այնուամենայնիվ, ստիպված են եղել ծախսել, ասել է նա՝ պատասխանելով լրագրողի այն ակնարկին, որ ցանկացած հեղափոխություն ինչ-որ մեկը ֆինանսավորում է:
«Մենք մեր հեղափոխության վրա ծախսել ենք մոտավորապես 200 000 դոլար: Որտեղից էր այդ գումարը: Մենք խնդրել ենք մարդկանցից: Մենք ունեցել ենք էլեկտրոնային դրամապանակ, և բոլոր երկրներից հայերը, մեծ մասը՝ Ռուսաստանից, մեզ գումար են ուղարկել: Մենք այդ գումարները ծախսել ենք, և հեղափոխության շրջանում ամեն շաբաթ մենք հրապարակել ենք՝ որքան գումար ենք ծախսել և ինչի համար»,- հեռուստաալիքի տնօրեն Իլյա Դորոնովին պատմել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ այս քայլը թույլ է տվել հեղափոխականներին պարտք չմնալ այս կամ այն շրջանակներին: Ցանկացած հեղափոխություն ինքնին ռոմանտիկայի որոշակի բաղադրիչ ունի, մանավանդ, երբ ուղեկցվում է սիրո ու համերաշխության կարգախոսներով: Ամբողջ խնդիրն այն է, որ հաղթանակից հետո հեղափոխությունների բովանդակությունը, որպես կանոն, տրանսֆորմացվում է, ու «ռոմանտիզմը» դառնում է հարաբերական կատեգորիա: Օրինակ' մեր հեղափոխության պարագայում «ռոմանտիկ» դրսևորումները վաղուց մնացել են հետևում, ու մեկ տարի շարունակ իշխանություններն առաջնորդվել են «բարիկադային» տրամաբանությամբ՝ հասարակությանը բաժանելով «սևերի» ու «սպիտակների», «հեղափոխականների» ու «հակահեղափոխականների»:
Հասարակության «սորտավորումը» բնավ էլ ռոմանտիկ դրսևորում չէ, որովհետև հակադրությունը ծնում է ատելություն, երբեմն՝ նաև արյուն:
Մյուս կողմից՝ Նիկոլ Փաշինյանի թիմը մնացել է «ռոմանտիկ», երբ բանը հասնում է վրիպումները, սխալներն արդարացնելուն: Այստեղ ամբողջ ուժով հառնում է հեղափոխական պաթոսը՝ չեղարկելով այն ամենը, ինչը կապված է պետական օրակարգի ու մտածողության հետ:
Հատկապես ռուսական ԶԼՄ-ներին տված հարցազրույցներում Փաշինյանն ամեն կերպ փորձում է հակադրել հյուսիսային բարեկամ կամ երկրում տիրող այն մտայնությանը, թե Հայաստանում անցած տարի տեղի ունեցածը «գունավոր հեղափոխություն» էր»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: