Եթե Էրդողանը կորցնի Ստամբուլը, աստիճանաբար կկորցնի Թուրքիան. Սելինա Դողանը՝ Ստամբուլի ընտրությունների չեղարկվելու մասին
Ապօրինի գործընթացն սկսվել է այն պահից սկսած, երբ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը դիմել էր Կենտրոնական ընտրական հանձնաժողով Ստամբուլում քվեարկության արդյունքների վերահաշվարկ անելու համար:
Tert.am-ի հետ զրույցում Ստամբուլում տեղի ունեցած վերջին զարգացումների մասին ասաց, Թուրքայի խորհրդարանի նախկին հայազգի պատգամավոր, վերջերս Թուրքիայում տեղի ունեցած տեղական ընտրություններում Շիշլի նահանգային խորհրդում Ժողովրդահանրապետական կուսակցությունից ընտրված անդամ Սելինա Դողանը:
«Կենտրոնական Ընտրական հանձնաժողովը անվավեր է ճանաչել միայն Ստամբուլի ընտրությունների արդյունքները, բայց ոչ Ստամբուլի նահանգինը»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների արդյունքները չեղարկվել են: Թուրքիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որն ավելի վաղ ընտրված էր համարել ընդդիմության թեկնածուին, բավարարել էր իշխող ուժի՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության պահանջը, անվավեր ճանաչել ընդդիմության հաղթանակը և կրկնակի քվեարկություն նշանակել հունիսի 23-ին:
Հիշեցնենք նաև, որ մարտի 31-ին Ստամբուլի քաղաքապետ էր ընտրվել Սելինա Դողանի կուսակից՝ Ժողովրդահանրապետական կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուն:
Սելինա Դողանի խոսքով՝ իրենց համար հասկանալի է, թե ինչու է Թուրքիայի իշխող ուժը ցանկացել չեղարկել հենց Ստամբուլի ընտրությունների արդյունքները:
«Նրանք Ստամբուլի քաղաքապետարանում իրենց իշխանությունն էին ստեղծել: Գիտենք, որ Էրդողանը նախկինում Ստամբուլի քաղաքապետ է եղել: Նրանք իրենց աջակիցներին սկսել են «կերակրել» հենց Ստամբուլի քաղաքապետարանից: Այն շատ մեծ քաղաք է՝ շատ մեծ ֆինանսական ռեսուրսներով նրանց համար: Նրանք այնտեղ կերակրում էին իրենց կրոնական և այլ հիմնադրամներին,- ասաց նա՝ նշելով, որ այդ իսկ պատճառով իշխող կուսակցությունը չի ցանկանում կորցնել Ստամբուլում իր իշխանությունը,- եթե նրանք կորցնեն Ստամբուլը, նրանք աստիճանաբար կկորցնեն Թուրքիան»:
Թուրքիայի նախագահ Էրդողանը, ըստ Սելինա Դողանի՝ հիմա օգտագործում է իր վերջին հնարավորությունը, նա չի կարող սպասել, քանի դեռ Թուրքիայում տնտեսական վիճակն առավել չի վատթարացել:
Սելինա Դողանի կարծիքով՝ ստեղծված իրավիճակին, իրենք պետք է արձագանքեն իրենց բողոքն արտահայտելով օրինական ճանապարհով: «Մենք պետք է բողոքենք»,- ասաց նա՝ նկատելով, որ բողոքի որոշ դրսևորումներ արդեն եղել են Ստամբուլում. դրանք ինքնաբուխ էին և արտահայտում էին հասարակության դժգոհ տրամադրությունը:
Դիտարկմանը, թե իրենք ինչ են անելու, Էրդողանը հայտարարել է, որ հաղթելու ընտրություններում, Սելինա Դողանն արձագանքեց, որ դեռ վերջնական ծրագիր չունեն, քանի որ դեռ չգիտեն, թե որն է լինելու «Արդարություն և զարգացում» կուսակցության ռազմավարությունը:
«Նրանք կարող են կրկնել խորհրդարանական ընտրություններին արածը, երբ ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները շատ տարբեր էին՝ երեք ամիս առաջ եղած արդյունքներից՝ հօգուտ «Արդարություն և զարգացում» կուսակցության: Այնպես որ, մենք չգիտենք, թե ինչ կլինի այս երկու ամիսների ընթացքում»,- ասաց նա:
Հիմա, ըստ նրա, նկատելի է հասարակության համակրանքը իրենց նկատմամբ: Նկատեց, որ անգամ իշխող ուժին ձայն տվածներն ասում են, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը արդար չէ իրենց նկատմամբ:
«Մենք հիմա փորձում ենք նորից հավաքել այն մարդկանց մեր շուրջ, որոնք պաշտպանել են մեզ ընտրություններում: Նրանք ավելանում է այս ընթացքում 18 տարեկան դարձածների թիվը: Մենք հիմա պետք է աշխատենք նաև այդ նոր ընտրողների ձայները ստանալու շուրջ»,- ասաց նա:
Անդրադառնալով Ստամբուլի ընտրությունների շուրջ տեղի ունեցածի վերաբերյալ միջազգային արձագանքին՝ Սելինա Դողանը նշեց, որ միջազգային հանրությունն արտահայտել է իր մտահոգությունները Թուրքիայի ընտրությունների և ժողովրդավարության պակասի վերաբերյալ: «Նրանք անհանգստացած են, որ Թուրքիայում հնարավոր է այլևս ընտրություններ չլինեն: Դա նաև մեր մտահոգությունն է: Դա մեր միակ դեմոկրատական գործիքն է, պետք է աշխատենք պահել այն: Մենք հիմա անգամ սպասում ենք ամենավատ սցենարին՝ ինչ-որ պատճառներով արտակարգ իրավիճակ հայտարարելու հնարավորությանը և ընտրություններ չանցկացնելուն»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ ամեն ինչ Էրդողանից սպասելի է: «Նա կանի ամեն ինչ՝ չպարտվելու համար, քանի որ սա նրա վերջին հնարավորությունն է»,- ասաց Սելինա Դողանը: