Եթե խոսելով լիներ, ապա Մեծ յոթնյակում կլինեին ոչ թե ԱՄՆ-ն ու Գերմանիան, այլ Կուբան ու Վենեսուելան
Լավ է, երբ երկրի ղեկավարը փորձում է հաշվետու լինել ժողովրդին, բայց վատ է, երբ այդ հաշվետվությունն իրականում հաշվետվություն չէ, այլ երրորդական եւ ութերորդական նշանակության փաստերի շարան:
Լավ է, երբ երկրի ղեկավարը փորձում է շփման մեջ լինել ժողովրդի հետ, բայց վատ է, որ այդ շփումը երկարում եւ անհամանում է: Ի վերջո, եթե խոսելով լիներ, ապա այսօր աշխարհի թիվ մեկ երկրները կլինեին ոչ թե ԱՄՆ-ն եւ Ճապոնիան, այլ Վենեսուելան եւ Կուբան, որոնց առաջնորդները սիրում էին հինգժամանոց ելույթները:
Երբ վարչապետը ժամանակ է ունենում եւ ընթերցում հարյուր կետանոց եւ մեծ հաշվով ժողովրդին եւ քաղաքական շրջանակներին, քաղհասարակությանը ոչինչ չասող մի տեքստ, ապա չես կարող չմտածել ժամանակի անտեղի վատնման մասին, հատկապես, որ այդ ընթերցանությունից հետո դեռ պատասխանում է լրագրողների հարցերի շարանին, որի ընթացքում կրկին որեւէ կարեւոր հայտարարություն չի արվում:
Ի վերջո, այս կառավարության թիվ մեկ առաքելությունը պետք է լիներ հաջորդ ընտրությունների նախապատրաստությունը: Այլ կերպ ասած, ընտրացուցակների իրական եւ ոչ կեղծ մաքրումը, ընտրական նոր օրենսգրքի ընդունումը եւի կուսակցությունների մասին օրենքի ընդունումը:
Ոչինչ չի արվել եւ կարծես ոչինչ էլ չեն ուզում անել: Ոչինչ չեն ուզում անել սուպերվարչապետությունը վերացնելու համար: Ավելին, հայտարարում են, թե այն արդեն վերացել է: Իսկապես, եթե ամեն ինչ հայտարարեվ լիներ, հիմա վենեսուելացիները սովի եւ քաղաքացիական պատերազմի շեմին չէին լինի, հյուսիսկորեացիները սոված չէին լինի, իսկ կուբացիներն էլ վզները ծռած ԱՄՆ-ի ուղղությամբ չէին նայի:
Հակոբ Ասատրյան
Top-News.am