Օրբելյանին տնօրենի պաշտոնից ազատելու որոշման հարցում կա պաշտոնի չարաշահում. Օպերայի անձնակազմ
Վարչապետի հետ մեր հանդիպումից հետո անցել է մեկ ամիս, և մենք անհանգիստ ենք, քանի որ որևէ պատասխան չենք ստացել: Լրագրողների հետ զրույցում ասաց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդական ծրագրի ղեկավար Լևոն Ջավադյանը:
Նրա խոսքով՝ մայիսի 6-ին անձնակազմը նամակ է ուղարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ դարձյալ հանդիպելու խնդրանքով.
«Մենք կարծում ենք, որ վարչապետին սխալ են ներկայացրել իրավիճակը: Մեր նպատակն է նրան աջակցել ճշմարտությունն իմանալու հարցում: Մենք նորից դիմել ենք նրան և խնդրել դարձյալ հանդիպել»:
Ջավադյանի խոսքով՝ 2017 թ. Օրբելյանն ազատել էր Թատրոնի որոշ աշխատակիցների, այդ թվում՝ թատրոնի այդ ժամանակվա իրավաբան Քրիստինե Նաղդալյանին, քանի որ վերջինս, ըստ իրենց ենթադրությունների, կապ է ունեցել 2014-16 թթ. թատրոնում տեղի ունեցած չարաշահումների հետ:
«Նաղդալյանի բողոքի հիման վրա կայքերից մեկը հոդված է հրապարակել իբր Թատրոնում տեղի ունեցող խնդիրների վերաբերյալ: Մշակույթի նախարարության հիմնավորումների մեջ կա հատված այդ հոդվածից: Այստեղ մենք չարաշահում ենք տեսնում, քանի որ տիկին Նաղդալյանի ամուսինն աշխատում է Մշակույթի նախարարությունում. աշխատակազմի ղեկավարն է»:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հրամանով՝ Կոնստանտին Օրբելյանն ազատվել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և թատրոնի ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից: Սրան հետևեցին անձնակազմի բողոքի ակցիաները՝ ի պաշտպանություն մաեստրոյի: Կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացրած Օպերայի թատրոնի ներկայացուցիչներին վարչապետ Փաշինյանը հանդիպման ժամանակ հանձնարարել էր ներկայացնել հակափաստարկներ Կոնստանտին Օրբելյանին թատրոնի տնօրենի պաշտոնից ազատելու հարցով Մշակույթի նախարարության ներկայացրած փաստարկների վերաբերյալ:
Նույն հանդիպման ժամանակ պայմանավորվածություն էր ձեռք բերվել նաև, որ թատրոնի տնօրենի պարտականությունները ժամանակավորապես պետք է կատարի թատրոնի փոխտնօրեն Կարինե Կիրակոսյանը: