Գրիգորի Լեպսին արգելել են մուտք գործել Լիտվա
Լիտվան ռուս երգիչ Գրիգորի Լեպսին ընդգրկել է անցանկալի անձանց ցուցակում և արգելել նրա մուտքը երկիր: Այս մասին հայտնում է РИА Новости-ն` հղում անելով երկրի ՆԳՆ մամլո հաղորդագրությանը:
Նշվում է, որ պատժամիջոցները երգչի նկատմամբ սահմանել է ներքին գործերի նախարար Էյմուտիս Միսունասը ԱԳ նախարար Լինաս Լինկյավիչյուսի դիմումից հետո:
«Այն, ինչում Լեպսը մեղադրվում է ԱՄՆ-ում, բավարար պատճառ է դարձել նրան մեր ցուցակներում ընդգրկելու համար», - հայտարարել է փոխարտգործնախարարը:
Մարտ ամսին` Լեպսի այցի նախաշեմին, լիտվացի քաղաքական գործիչները կոչ էին արել իրավարար մեխանիզմ ստեղծել, որը կարգելի մուտքը երկիր այն մարդկանց, որոնք կապված են «հանցավոր խմբավորումների» հետ:
Այդ ժամանակ տեղի պահպանողականներն առաջարկել են ռուս երգչին ներառել անցանկալի անձանց ցուցակում: Նրանք մատնանշում են ամերիկյան լրատվամիջոցներում հայտնված լուրը, որի համաձայն` 2013 թվականին ԱՄՆ-ն արգելել է Լեպսի մուտքը երկիր` հանցավոր խմբավորումների հետ վերջինիս կապի պատճառով:
2016-ին նույն պատճառով արգելվել էր երգչի մուտքը Մեծ Բրիտանիա, իսկ 2018-ի մայիսին նրան թույլ չեն տվել մտնել Իսրայել: