Վրաստանում հնարավոր է վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ անցկացվեն
Աշնանը վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու Իվանիշվիլիի որոշումը քաղաքական շրջանակների համար անակնկալ չէր, ավելին՝ սպասելի էր:
Վրացական «Թայմեր» գործակալության հաղորդմամբ՝ Վրաստանում խորհրդարանական վաղաժամկետ ընտրությունների հարցը լուծված է:
«Վրացական երազանքը», մասնավորապես, կուսակցության նախագահն ու երկրի ոչ պաշտոնական կառավարիչ Բիձինա Իվանիշվիլին դեռևս Սուրբ Հարության տոնից առաջ էին որոշել խորհրդարանական վաղաժամկետ ընտրություններ անցկացնելու մասին: Միաժամանակ, կառավարության շրջաններից ստույգ տեղեկություններ ունենք, որ Իվանիշվիլին միջնորդներ է ուղարկել նախագահ Զուրաբիշվիլիի մոտ: Նրա հետ բանակցություններ են ընթանում արտահերթ ընտրություններ անցկացնելու շուրջ:
Օրենքի համաձայն՝ նախագահը կարող է նշանակել արտահերթ ընտրություններ` երդմնակալության արարողությունից վեց ամիս անց: Ինչպես հայտնի է, Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 16-ին: Հետեւաբար, որպես նախագահ, Զուրաբիշվիլին իրավունք կունենա վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների մասին հայտարարել միայն հունիսի կեսերին»,- նշել է «Թայմեր» գործակալությունը: