Կիրկորովը սպառնացել է լքել «Եվրատեսիլը»
Ռուսական էստրադայի հայտնի երգիչ Ֆիլիպ Կիրկորովը հայտնել է իր պայմանները, թե որ դեպքում կհրաժարվի «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի հետ ցանկացած համագործակցությունից: Երգչի խոսքերով` 2016 թվականին Սերգեյ Լազարևը մրցույթում պարտվեց «քաղաքական երանգների» պատճառով:
Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն, Կիրկորովը սպառնացել է լքել «Եվրատեսիլը», եթե պատմությունը կրկնվի: Նա հավելել է, որ նախորդ անգամ շատ երկրների ժյուրիի անդամներ սկզբունքայնորեն Ռուսաստանին ոչ մի միավոր չէին տալիս:
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ» երգի մրցույթն այս տարի տեղի կունենա Թել Ավիվում` մայիսի 14-18-ը: Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Լազարևի երգի հեղինակը Ֆիլիպ Կիրկորովն է: Լազարևը ելույթ կունենա մայիսի 16-ին` երկրորդ կիսաեզրափակչում: 2016 թվականին նա եզրափակել էր լավագույն եռյակը: Հավելենք, որ Հայաստանը մրցույթին կներկայացնի Սրբուհի Սարգսյանը: