Անհնար է ոչնչացնել քաղցկեղի բոլոր բջիջները, բայց կարելի է կանխել մետաստազները
Այս թեմայով
Մարդու օրգանիզմում անհնար է ոչնչացնել քաղցկեղի բոլոր բջիջները, ինչպես պնդում է Փերդյու համալսարանի (ԱՄՆ) մոլեկուլյար դեղաբանության եւ բժշկական քիմիայի ամբիոնի դոցենտ Մայքլ Վենդտը։ Ուռուցքների դեմ պայքարի ավելի արդյունավետ մեթոդ է, ըստ նրա, մետաստազների զարգացման արգելափակումը նոր մոտեցման օգնությամբ, որն անվանվում է lock-'n'-block։
Այդ մոտեցումը արդեն հաջող թեստավորվել է կենդանի մոդելների վրա։ Պարզվել է, ֆոստամատինիբը ինհիբացնում է հատուկ սպիտակուց՝ տիրոզինկինազ SYK, որը պարունակվում է մետաստազի բջիջներում, եւ կանխում կրկնակի ուռուցքային օջախների առաջացումը։ Այդ բջիջները, որոնք տեղափոխվում են սկզբնական ուռուցքից եւ հայտնվում մարմնի այլ հատվածներում, կարող են երկար ժամանակ «թաքնվել» եւ ցուցադրել թերապիայի հանդեպ բարձր դիմացկունություն։
Հետազոտողները մոդիֆիկացրել են կաթնագեղձի չարորակ բջիջներն այնպես, որպեսզի դրանք արտադրեն բիոլյումինեսցենտային սպիտակուց լյուցիֆերազա։ Ստացված բջիջները ներդրել են 4 շաբաթական կրծողների օրգանիզմում։ Երբ ուռուցքը հասել է 200 խորանարդ միլիմետրի, այն հեռացրել են վիրահատական ճանապարհով, ինչից հետո կենդանիներին բուժել են ֆոստամատինիբով։ Լյուցիֆերազան թույլ է տվել գիտնականներին հետեւել մետաստազի բջիջների տարածմանը եւ ակտիվությանը։ Պարզվել է, որ ֆոստամատինիբը կանխել է դրանց ակտիվացումը եւ խոչընդոտել մետաստազների առաջացմանը։