«Մենք պատկերացում անգամ չունենք՝ ինչպես են դրանք հայտնվել Հյուսիսային Կորեայում». Daimler-ը՝ Կիմ Չեն Ընի Maybach լիմուզինների մասին (լուսանկարներ)
Գերմանական Daimler ավտոկոնցերնը հայտնել է, որ տեղյակ չէ` որտեղից է Հյուսիսային Կորեան առաջնորդ Կիմ Չեն Ընի համար իրենց արտադրության երկու շքեղ լիմուզին ձեռք բերել: Խոսքն այն լիմուզինների մասին է, որոնք Կիմ Չեն Ընն օգտագործել է Վլադիվոստոկում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ առաջին հանդիպման ընթացքում, նշում է Daily Mail-ը:
«Մենք պատկերացում անգամ չունենք՝ ինչպես են այդ փոխադրամիջոցները հայտնվել Հյուսիսային Կորեայում: Daimler-ի համար պատասխանտու ձեռնարկատիրական գործունեության հիմնարար սկզբունք է սեփական արտադրանքի՝ օրենքին համապատասխան արտահանումը»,-ասել է ընկերության խոսնակը:
Պարբերականը մանրամասնում է, որ ՄԱԿ-ի սահմանած պատժամիջոցներն արգելում են շքեղ կյանքի պարագաների, այդ թվում՝ լիմուզինների արտահանումը Հյուսիսային Կորեա: Մինչդեռ Պուտինի հետ հանդիպումից հետո Կիմ Չեն Ընին կայարանում Daimler-ի արտադրության Mercedes Maybach S600 Pullman և Mercedes Maybach S62 երկու մոդել է սպասել:
«Հյուսիսային Կորեան մեր պաշտոնական գնորդների ցանկում չկա: Մեր ընկերությունն ավելի քան 15 տարի որևէ բիզնես կապ չունի այդ երկրի հետ և խստիվ հետևում է ՄԱԿ-ի, ԱՄՆ-ի պատժամիջոցներին»,-հավելել է խոսնակը:
«Այնուհանդերձ՝ Կիմ Չեն Ընի գերմանական լիմուզինները պարզ ցույց են տալիս, թե որքան հեշտ է շրջանցել միջազգային պատժամիջոցները»,-նկատում է պարբերականը: