Ադրբեջանի և ԵՄ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին նոր համաձայնագրում Արցախին վերաբերող կետ կա
Ադրբեջանի և Եվրամիության միջև ռազմավարական գործընկերության մասին նոր համաձայնագիրը կստորագրվի մայիսի 13-ին: Այդ մասին, ինչպես հայտնում է minval.az-ը, հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Օքթայ Ասադովը:
Ըստ նրա՝ համաձայնագրի նախագծում տեղ է գտել նաև Լեռնային Ղարաբաղին վերաբերող կետ, ինչպես նա է ասել՝ «Ադրբեջանի տարածքային ամբողջականության խախտման փաստը»:
«Դա շատ կարևոր հարց է, մենք երկար ենք աշխատել դրա վրա և հասել ենք նրան, որ այդ համաձայնագրում ներառվեն Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը վերաբերող կետեր»,- ասել է խորհրդարանի խոսնակը:
Նա մեղադրել է հայերին Ադրբեջան-ԵՄ ռազմավարական գործընկերության մասին նոր համաձայնագրի ստորագրմանը «խոչընդոտելու փորձերի» համար:
«Որպես կանոն, պետությունները ստորագրում են այդ փաստաթուղթը Եվրամիության կողմից օգնություն ստանալու համար: Սակայն մենք դրա կարիքը չունենք»,- ասել է նա՝ հավելելով, որ իրենց հիմնական նպատակը Ղարաբաղյան հակամարտության կարգավորումն է ու առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը: