Ֆրանցիսկոս Պապը կոչ է արել դատապարտել Շրի Լանկայի ահաբեկչությունները
Հռոմի Ֆրանցիսկոս Պապը երկուշաբթի Վատիկանի առաքելական պալատից դիմելով հավատացյալներին կոչ է արել դատապարտել Շրի Լանկայի ահաբեկչությունները, որոնք բազմաթիվ մարդկային զոհերի են հանգեցրել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Նորից ուզում եմ իմ հոեգեւոր եւ եղբայրական սերը հայտնել Շրի Լանկայի ժողովրդին», - ասել է Ֆրանցիսկոս Պապը՝ նշելով, որ աղոթում է պայթյունների հետեւանքով բազմաթիվ զոհերի եւ վիրավորների համար:
«Խնդրում եմ բոլորին, առանց տատանվելու անհրաժեշտ օգնություն տրամադրել այդ թանկագին երկրին: Բացի այդ հույս եմ հայտնում, որ բոլորը կդատապարտեն այս ահաբեկչական, անմարդկային գործողությունները, որոնք երբեք արդարացում չեն ունենա», - ընդգծել է նա:
Շրի Լանկայում զատկի կիրակի պայթյունների շարք էր տեղի ունեցել, առաջին վեց պայթյունները որոտացել են երեք տաճարներում՝ Կոլոմբոյի, Նեգոմբոյի եւ Բատիկալոայի եւ երեք հյուրանոցներում, 7-րդը՝ կղզու արեւմուտքում, 8-րդը՝ Կոլոմբոյի մերձքաղաքային բնակելի համալիրում: Եվս մեկ ռումբ վնասազերծել են Բանդարանաիկի միջազգային օդանավակայանում:
8 պայթյունների հետեւանքով զոհերի թիվը հասել է մինչեւ 290-ի, տուժել է 500-ը:
Լրատվամիջոցների տվյալներով ահաբեկչությունները իրականացվել են 7 մահապարտ ահաբեկիչների կողմից: