Ադրբեջանի բանակում սկսել են շահագործել Պակիստանից գնած ռազմական ինքնաթիռները
Ուսումնական թռիչքների ժամանակ Ադրբեջանի բանակը սկսել է շահագործել նաև Պակիստանից գնած «Սուպեր Մուշակ» ուսումնամարտական ինքնաթիռները։ Այս մասին պաշտոնապես հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Պակիստանյան նոր ձեռքբերումներին զուգահեռ թռիչքների ժամանակ կիրառվել են նաև նախկինում Ադրբեջանի բանակում եղած Լ-39 ուսումնական ինքնաթիռները և «Մի» ուղղաթիռները (սրանց կոնկրետ մակնիշը չի հիշատակվում)։
Օդաչուները կատարել են միայնակ ու զույգով, խմբերով թռիչքներ և այլն։
Սա այս ինքնաթիռների առաջին պաշտոնական հիշատակումն է եղել Պակիստանից ինքնաթիռների գնման գործարքի մասին տեղեկությունների հրապարակումից հետո։ Razm.info մասնագիտացած կայքի տվյալներով՝ Ադրբեջանն այս ինքնաթիռներից գնել է 10 հատ. պայմանավորվածությունը ձեռք էր բերվել 2017-ի ամռանը։
Ինքնաթիռները նախատեսված են ուսումնական նպատակների համար, սակայն կրում են սպառազինություն (գնդացիրներ, հրթիռներ), և անհրաժեշտության դեպքում կարող են կիրառվել նաև մարտական պայմաններում։