ԱՄՆ-ում հայտարարել են Թուրքիայից Հունաստան ավիաբազան տեղափոխելու պատրաստակամության մասին
Ամերիկացի դեմոկրատ սենատոր Բոբ Մենենդեսը չի բացառել, որ ԱՄՆ-ն կարող է Թուրքիայի «Ինջիրլիք» ավիաբազայից սպառազինությունը տեղափոխել Հունաստան՝ Անկարայի հետ հարաբերությունների վատացման դեպքում, գրում է ria.ru-ն:
«Մենք չենք սպասում, որ Թուրքիան կգնա սխալ ճանապարհով: Սակայն եթե այդպես լինի, մենք կանենք մեզնից կախված ամեն բան, որպեսզի պաշտպանենք մեր ազգային ու մեր դաշնակիցների անվտանգությունը»,- ասել է սենատորը հունական «Կատիմերինի» թերթին տված հարցազրույցում:
«Մենք հուսով ենք, որ չենք հասնի դրան: Սակայն Թուրքիան պետք է կողմնորոշվի իր վարած քաղաքական կուրսի և իր շահերի հարցում»,- ասել է Մենենդեսը:
Որոշ հույն քաղաքական գործիչներ հայտարարել էին, որ ԱՄՆ-ն կարող է օգտագործել Հունաստանում օբյեկտները միջուկային զենքը պահելու համար, որն այժմ տեղակայված է «Ինջիրլիք»-ում: Հունաստանի կառավարությունը հերքել էր դա:
Մենենդեսն Աթենքում է, որտեղ երկուշաբթի նրան կընդունի Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը: