Զելենսկին կդառնա Ուկրաինայի առաջին հրեա նախագահը
Ամերիկյան The New York Times պարբերականն անդրադարձել է ապրիլի 21-ին Ուկրաինայում կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ձայների մեծամասնությունը ստացած շոումեն, հումորիստ Վլադիմիր Զելենսկիին՝ նկատելով, որ պաշտոնական տվյալների հրապարակումից հետո, նա կդառնա Ուկրաինայի առաջին հրեա առաջնորդը:
«Զելենսկիի հաղթանակը պատասխանն է Ռուսաստանի՝ տարիներ շարունակ Ուկրաինան որպես ֆաշիստների կողմից կառավարվող հակասեմական պետություն ներկայացնելուն ուղղված քարոզչությանը»,-գրում է աղբյուրը:
Ըստ պարբերականի՝ 41-ամյա անփորձ շոումենի հաղթանակը նախազգուշանալու առիթ կտա գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյի քաղաքական և բիզնես «իսթեբլիշմենթին»:
«Ուկրաինացիներն իրենց ընտրությամբ ցույց տվեցին, որ անհանգստացած են ներքին խնդիրներով՝ կոռուպցիայով և աղքատությամբ: Այսպիսով՝ նրանք անտեսեցին Պորոշենկոյի նախազգուշացումն առ այն, որ հումորիստի օգտին քվեարկելը «ծիծաղելի չէ» ու կարող է «ցավոտ» հետևանքներ ունենալ»,-գրում է պարբերականը:
Նշվում է, որ ուկրաինացիներից շատերը Զելենսկիին են ընտրել ոչ թե այն պատճառով, որ նրան լավ թեկնածու են համարում, այլ այն պատճառով, որ Պորոշենկոյին ցանկանում էին պատժել 2014 թ. հեղափոխությունից հետո ուկրաինացիների հույսերը չարդարացնելու համար:
Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկին 73,17% ձայնով առաջատար է կիրակի անցկացված նախագահական ընտրություններում՝ արձանագրությունների 95,06%-ի մշակումից հետո: Գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն հավաքել է 24,5% ձայն: Այդ մասին են վկայում երկրի կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալները: