Վիկտոր Յանուկովիչն ուկրաինացիների ընտրությունն անվանել է «իմաստուն»
Վիկտոր Յանուկովիչը շնորհավորել է Վլադիմիր Զելենսկուն նախագահական ընտրություններում հաղթելու կապակցությամբ:
«Հարգելի՛ Վլադիմիր Ալեքսանդրովիչ, սրտանց շնորհավորում եմ Ձեզ Ուկրաինայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Ուկրաինացիները վստահել են Ձեզ նախագահի պաշտոնը մեր երկրի համար այս ծանրագույն ժամանակահատվածում: Խաղաղասեր ուկրաինացի ժողովուրդը պառակտված է: Եղբայրասպան պատերազմն իմ հարազատ Դոնբասում ամեն օր մարդկային կյանքեր է խլում, և ոչնչացնում է երբևէ ծաղկող շրջանը: Այժմ Ձեր առջև բարդ խնդիրներ են: Դրանցից ամենաառաջնայինը երկրում խաղաղություն հաստատելն է, Ուկրաինայի ժողովրդին միավորելը, արդարությունն ու օրինականությունը վերականգնելը: Ես ուզում եմ խոնարհվել իմաստուն ուկրաինացի ժողովրդի առջև, որը չխաբվեց, չտրվեց սադրանքների, այլ կայացրեց գիտակցված ընտրություն: Ուկրաինայի ժողովուրդը վստահել է Ձեզ: Հուսախաբ չանեք նրանց»,- գրել է նախկին նախագահը:
Իր նամակում Յանուկովիչն ուկրաինացի ժողովրդի տառապանքների համար մեղադրել է Պորոշենկոյին, և ապրիլի 21-ի ընտրություններն անվանել է «իմաստուն»: