«Կարեւորը կապտուկներ չլինեն». քաթարցին տղամարդկանց համար կանանց «ճիշտ» ծեծելու «ուղեցույց» է ներկայացրել (տեսանյութ)
Քաթարցի սոցիոլոգ Աբդ ալ Ազիզ ալ Խազրաջը համացանցի օգտատերերի քննադատությանն է ենթարկվել կնոջը «ճիշտ» ծեծելու մասին հրապարակած տեսանյութի համար: Դրանում քաթարցին մուսուլման տղամարդկանց իրենց կանանց ծեծելու վերաբերյալ «ճիշտ» ցուցումներ է տալիս:
Ինչպես նշում է Daily Mail-ը, Ալ Խազրաջը պատժելու տեխնիկաները ցուցադրել է տղա երեխայի վրա՝ զուգահեռ ասելով. «Ոմանք հարվածում են դեմքին, բայց դա անթույլատրելի է: Մուհամեդ մարգարեն արգելել է դեմքին հարվածել, տեսեք, թե որքան գթասիրտ է իսլամը: Նա տղամարդկանց արգելել է ապտակել իրենց կանանց: Բացի այդ, արգելվում է հարվածել գլխին կամ քթին: Միևնույն ժամանակ ծեծը հարկավոր է կարգուկանոնի պահպանման համար»:
Նա ընդգծել է, որ կնոջը ծեծելու գործընթացը պետք է թեթև ու անցավ լինի, ինչպես նաև ստիպի կնոջը զգալ ամուսնու տղամարդային ուժը:
Սա ասելով՝ նա հարվածել է տղայի ուսերին, բղավել նրա վրա. «Քեզ ասել էի, չէ՞, որ տնից դուրս չգաս: Քանի՞ անգամ քեզ պիտի նույն բանն ասեմ»: Այնուհետև նա երկու ձեռքով բռնել է տղային ու սկսել թափ տալ:
«Հավանաբար ամուսնացածներին հետաքրքիր կլինի իմանալ՝ ինչպես է հարկավոր ճիշտ ծեծել կնոջը կամ արդյոք դա պարտադիր է: Ասեմ, որ ամուսինը չպետք է ամեն օր կնոջը ծեծի: Նա պետք է նրան սիրի, սակայն հանուն կարգուկանոնի պահպանման՝ նաև ծեծի: Բայց սկզբում ամուսինը պետք է խոսի հետը, հետո հրաժարվի կնոջ հետ անկողին մտնելուց: Եթե դա էլ չօգնի, պետք է սկսի ծեծել: Այդ ծեծը պետք է անցավ լինի, կապտուկներ չթողնի, արնահոսություն չառաջացնի»,-ասել է տղամարդը: