Գիտնականները պարզել են Երկրի խոշորագույն աղետներից մեկի պատճառը
Ցինցինատիի համալսարանի (ԱՄՆ) և Չինաստանի աշխարհագրական գիտությունների համալսարանի մասնագետները պարզել են, որ Պերմյան զանգվածային ոչնչացման իրական պատճառը հրաբուխների ժայթքումն է եղել:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով գիտական աղբյուրին, շուրջ 252 մլն տարվա նստվածքներում սնդիկի հետքեր են հայտանբերվել, որը մոլորակի մթնոլորտում է հայտնվել ածխածնի պաշարների այրման արդյունքում, որոնցում կուտակվում է այդ մետաղը: Այնուհետև սնդիկն անձրևների հետ հայտնվել է համաշխարհային օվկիանոսում, այդտեղից էլ այլ ծովային նստվածքներում, որոնք էլ ուսումնասիրել են հետազոտողները:
Գիտնականները պարզել են նաև, որ հրաբուխների ժայթqման կենտրոնը գտնվել է ժամանակակից Սիբիրի տարածքում: Ժայթքումները հարյուր հազարավոր տարիներ են շարունակվել, ի դեպ, տեղի են ունեցել ոչ միայն հրաբուխներում, այլև երկրակեղևի սովորական ճեղքերում:
Արդյունքում խախտվել է սննդային շղթան, ու բարձրացել է ծովերի թթվայնությունը, ինչը հանգեցրել է մոտ 96 տոկոս ծովային կենդանատեսակների, 73 տոկոս ցամաքային ողնաշարավորների և 83 տոկոս միջատների անհետացմանը: Իսկ կենսաբազմազանության աղքատացումը տևել է շուրջ 60 000 տարի: