Հեղափոխությունից հետո պաշտոնյաները չեն կարող չպատժվելու երաշխիք ունենալ․ գլխավոր դատախազ
Հեղափոխությունից հետո պաշտոնյաները այլեւս չեն կարող իրենց արարքների համար չպատժվելու վստահություն կամ երաշխիք ունենալ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 17-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։
«Ժամանակի ընթացքում հակակոռուպցիոն պայքարն ուժեղացել է։ Մարդկանց իրավագիտակցությունն է բարձրացել։ Հեղափոխությունից հետո մենք ունենք շատ ավելի ակտիվ, շատ ավելի նախաձեռնող, կոռուպցիայի նատմամաբ շատ ավելի անհանդուրժող քաղաքացի։ Մենք այսօր նույնիսկ անհատական դեպքերով այնպիսի իրավիճակներ ենք ունենում, որ նախկինում չէինք էլ կարող պատկերացնել, որ որեւէ մեկը իր կոլեկտիվում տեղի ունեցող անհանդուրժելի երեւույթի մասին կարող է բարձրաձայնել։ Ես որպես գլխավոր դատախազ սա շատ կարեւորում եմ, ցանկանում եմ, որ պատմական այս շանսը բաց չթողենք»,-նշեց նա։
Հարցին՝ նախկին իշխանությունների օրոք եղե՞լ են ճնշումներ գլխավոր դատախազի եւ համակարգի նկատմամբ, նա բացասական պատասխանեց․ «Ոչ»,-նշեց նա։