Գլխավոր դատախազը՝ Նարեկ Սարգսյանի կողմից՝ Չեխիայից քաղաքական ապաստան հայցելու մասին
ՀՀ գլխավոր դատախազությունը չունի տեղեկություն, արդյոք ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը քաղաքական ապաստան հայցել է Չեխիայի իշխանություններից, թե՝ ոչ: Այս մասին այսօր՝ ապրիլի 17-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: «Չկա նման տեղեկություն»,-ասաց նա:
Արթուր Դավթյանը նշեց, Նարեկ Սարգսյանի արտահանձնման գորընթացից առայժմ նորություն չկա:
«Միջազգային իրավական փաստաթղթերով սահմանված ընթացակարգերով էքստրադիցոն գործընթացի մեջ ենք»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ օրեր առաջ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Չեխիայի դատարանը կասեցրել է Սերժ Սարգսյանի եղբորորդու` Ֆրանկլին Գոնսալես-Նարեկ Սարգսյանի արտահանձնման գործի քննությունը եւ նրան տեղափոխել են փախստականների ճամբար: Թերթի տեղեկություններով՝ մոտ օրերս Նարեկ Սարգսյանին քաղաքական ապաստան կտրամադրեն։
Միջազգային հետախուզման մեջ գտնվող Նարեկ Սարգսյանը հայտնաբերվել է 2018թ. դեկտեմբերի 6-ին Պրահայում: Հայտնաբերման պահին նա ներկայացրել է Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալեսի անհատական տվյալներով։
Ավելի վաղ հայտնել ենք, որ 2018թ. հունիսի 26-ին հարուցվել էր քրեական գործ՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու եւ թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի եւ դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու հատկանիշներով: 2018թ. հուլիսի 6-ին Նարեկ Սարգսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, հուլիսի 24-ին՝ միջազգային հետախուզում: