Ասանժին Եվրախորհրդարանի մրցանակ է շնորհվել ԶԼՄ-ների ազատության համար
WikiLeaks պորտալի հիմնադիր Ջուլիան Ասանժը ստացել է Եվրախորհրդարանի 2019 թվականի մրցանակը ԶԼՄ-ների ազատության համար, որը կրում է Մալթայում սպանված լրագրող Դաֆնե Կարուանա Գալիցիի անունը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով The Sydney Morning Herald-ին։
1976 թվականի Նոբելյան խաղաղության մրցանակակիր Մեյրիդ Քորիգանը մրցանակն ստացել է որպես Ասանժի ներկայացուցիչ։ Պարգեւների հանձնումը տեղի էր ունենում Ստրասբուրգում, Եվրախորհրդարանում։ Ասանժին մրցանակի է ներկայացրել Եվրախորհրդարանում եվրոպական ձախ կուսակցությունների միավորված խմբակցությունը (GUE/NGL)։
Ասանժը 2006-ին հիմնել է WikiLeaks պորտալը, որտեղ հրապարակվում է գաղտնի տեղեկատվություն մի շարք կառավարությունների գործունեության մասին, այդ թվում եւ ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի։ Նրա դեմ Շվեդիայում առաջադրված սեռական բնույթի մեղադրանքների պատճառով 2012-ին նա ապաստան է խնդրել Էկվադորից, ինչի պատճառով Լոնդոնում այդ երկրի դեսպանությունում անցկացրել է մոտ յոթ տարի։ Հարավամերիկյան երկիրը ապրիլի 11-ին մերժեց նրան ապաստան տրամադրել, ինչից հետո Ասանժը ձերբակալվեց հենց դիվանագիտական առաքելության շենքում 2012-ին Լոնդոնի դատարան չներկայանալու համար, իսկ հետո՝ 2017-ին ԱՄՆ արտահանձնման հարցապնդման հիման վրա։
Դաֆնե Կարուանա Գալիցիին մալթացի լրագրող էր, որն զբաղվում էր կոռուպցիոն հանցագործությունների հետաքննություններով կղզու պետական վերնախավում։ Նրա մեքենան պայթեցվել է 2017 թվականի հոկտեմբերի 16-ին, լրագրողը զոհվել է տեղում։ Չնայած Մալթայի իշխանությունների խոստումներին՝ պատժել մեղավորներին եւ հետաքննությունն իրականացնելու համար հրավիրել ՀԴԲ-ին, ոչ ոք չպատժվեց։ Ի հիշատակ լրագրողուհու՝ Եվրախորհրդարանը հիմնել է մրցանակ նրա անունով լրագրողների եւ իրավապաշտպանների համար։ Առաջինը նրան էլ հետմահու շնորհվել է այդ մրցանակը 2018 թվականի հոկտեմբերի 23-ին։