Թուրքիան չի կարողացել ԱՄՆ-ի հետ համաձայնեցնել ռուսական С-400 համալիրների գնման հարցը
Միացյալ Նահանգներն ու Թուրքիան բանակցությունների արդյունքում այդպես էլ չեն կարողացել դուրս գալ «փակուղուց», որն առաջացել է Անկարայի կողմից ռուսական С-400 զենիթահրթիռային համալիրների գնման հարցում, գրում է The Wall Street Journal-ը` անանուն աղբյուրների հղումով:
Պարբերականը նշում է, որ երկուշաբթի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը հանդիպել է Թուրքիայի ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքի հետ: Ավելի վաղ նախարարը հայտարարել էր, որ ամերիկացի առաջնորդը «խելամիտ մոտեցում է ցուցաբերում» Թուրքիայի կողմից ռուսական С-400-ների գնման անհրաժեշտության հարցում:
Բացի այդ, թերթի տվյալներով, ԱՄՆ-ի և Թուրքիայի ներկայացուցիչները հանդիպել են այս շաբաթվա ընթացքում Վաշինգտոնում թուրք-ամերիկյան հարաբերություններին նվիրված 37-րդ ամենամյա համաժողովի շրջանակում:
Ավելի վաղ Թուրքիան հայտարարել է, որ չի հրաժարվի ռուսական զենիթահրթիռային համալիրները գնելու ծրագրերից, և որ առաջին խմբաքանակը պետք է երկիր մատակարարվի հուլիսին: ԱՄՆ-ն հայտարարում է, որ С-400 համակարգերն անհամատեղելի են ՆԱՏՕ-ի չափանիշների հետ, սպառնում են պատժամիջոցներով և բազմիցս ասել են, որ կարող են չեղարկել Թուրքիային նորագույն F-35 կործանիչներ վաճառելու գործընթացը: