Հրշեջները մարդկային շղթա են կազմել Փարիզի Աստվածամոր տաճարի գանձերը, այդ թվում` Քրիստոսի փշապսակը փրկելու համար (լուսանկարներ)
Այս թեմայով
- Ֆրանսիայում ասել են, որ Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնումը կտեւի ավելի քան հինգ տարի
- Ճարտարապետները 7 տարբերակ են առաջարկել Փարիզի Աստվածամոր տաճարը վերականգնելու համար
- Ինչպես է Աստվածամոր տաճարի տանիքում անհայտ անձը կրակ վառում․ (տեսանյութ)
- Փարիզի Աստվածամոր տաճարի մեղուները հրդեհից չեն վնասվել
Հրշեջները, ոստիկաններն ու հոգևորականները, վտանգելով սեփական կյանքը, այրվող Փարիզի Աստվածամոր տաճարից դուրս են բերել անգին պատմական արվեստի գործեր, կրոնական մասունքներ, որոնք ներսում մնալու դեպքում կուլ կգնային կրակին:
Ինչպես նշում է Daily Mail-ը, Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոն իր թվիթերյան միկրոբլոգում շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր մարդկային շղթա են կազմել անգին նմուշները դուրս բերելու համար:
Փրկված մասունքների մեջ է նաև փշերից պատրաստված թագը (փշապսակը), որը հավատացյալների համոզմամբ՝ խաչելությունից առաջ դրվել է Հիսուս Քրիստոսի գլխին:
Աղբյուրը մանրամասնում է, որ դրսում հավաքված և 850-ամյա տաճարի փլուզմանը սրտի խոր կսկիծով հետևող փարիզցիները բարձր ծափահարել են՝ տեսնելով, թե ինչպես են հրշեջներն այրվող տաճարից դուրս բերում կարևոր նմուշները, որոնց մեջ են եղել նաև Քրիստոսի խաչի մի մասը, խաչելության ժամանակ օգտագործված մեխերից մեկը:
Այս մասունքները Փարիզ են բերվել 13-րդ դարում՝ Լյուդովիկոս 9-րդի կողմից:
Բացի այդ, Փարիզի Աստվածամոր տաճարում պահվում են միջնադարի անգին կտավներ: Առանձնակի կարևորություն ունեն տաճարի գունավոր պատուհանները, սրահի Մեծ երգեհոնը, որն ունի ավելի քան 700 տարվա պատմություն, բիբլիական արքաների մոտ 30, Քրիստոսի 12 առաքյալների արձանները: Հատկանշական է, որ այդ արձանները հրդեհից մի քանի օր առաջ հեռացվել էին տաճարից՝ այնտեղ ընթացող վերանորոգման խոշոր աշխատանքների պատճառով:
Հիշեցնենք, որ երեկ Փարիզի Աստվածամոր տաճարում խոշոր հրդեհ էր բռնկվել, որի հետևանքով փլվել էր տաճարի աշտարակը: Դեպքի վայր էին ժամանել Ֆրանսիայի նախագահն ու վարչապետը: Հրդեհաշիջման աշխատանքներին շուրջ 400 հրշեջ է մասնակցել: Հրդեհի հետևանքով տաճարը մեծապես տուժել է: Ֆրանսիական լրատվամիջոցների տվյալներով՝ հրդեհը կարող է կապված լինել տաճարում վերանորոգման աշխատանքների հետ:
Ավելի ուշ հաղորդվել էր, որ կրակը մարվել է, իսկ շինությունների փլուզումը շարունակվում է: