«Արարատցեմենտ»-ի աշխատողները հրաժարվում են աշխատանքից ազատվելու ծանուցումները ստորագրել
«Արարատցեմենտ» գործարանի աշխատողները հրաժարվում են աշխատանքից ազատվելու ծանուցումները ստորագրել. այս մասին Tert.m-ի հետ զրույցում ասաց աշխատակցիներից մեկը: «Ի՞նչ հիմքով են դա անում: Մեր քաղաքում ժողովրդի կողմից հիմնված գործարանը պետք է կասկածելի ձևով սեփականաշնորհեն, ժողովուրդը գործազուրկ մնա: Բոլոր արտադրամասերին ծանուցում են ներկայացրել: Սա միայն մեկ նպատակով է արվում, որպեսզի իրենք ավելի շատ գումար աշխատեն: Քաղաքի ստեղծած գորածարանի վրա եկել են, նստել: Մինչև հիմա չգիտենք, թե ով է իրական սեփականատերը, ինչ գնով է ձեռք բերվել, որ հիմա էլ ժողովրդին ուզում են իրենց, այսպես ասած, բնակարաններից քշեն դուրս»,-ասաց աշխատակիցը:
Նա նշեց, որ գործարանի ղեկավարությունը որպես նրանց աշխատանքից ազատելու հիմնավորում է ներկայացնում այն, որ այսօր ցեմենտ աղալու հետ կապված խնդիրներ կան, նաև Իրանից ներկրված հումքն է պատճառը: Միաժամանակ աշխատակիցն ասաց, որ կառավարության կողմից կան լուծումներ՝ ներկայացվել է նախագիծ, որ ներմուծման տուրքերը բարձրացվեն, բայց կիսաֆաբրիկատին չի վերաբերում դա:
«1,200 տոննա հզորությամբ գործարան ենք, ինչո՞ւ պետք է ներկրենք, եթե կարանք դրսին էլ տանք»,-ասաց նա:
Ըստ աշխատակցի՝ իրենք պահանջելու են կիրառել կնքված պայմանագրերի դրույթները և չեղյալ հայտարարաել ծանուցագրերը:
«Եթե ոչ, ապա կդիմենք կառավարությանը կամ իրենց, որ եթե չեք կարողանում կառավարել գործարանը ուրմեն բարի ճանապարհ Ձեզ: Գտնենք ինչ գնով է ձեռք բերվել, գործարանը վերցնեն, պետականցնեն ու պետական հիմունքներով աշխատի»,-ասաց նա: