Գիտնականները ցանկանում են կլոնավորել 42 000 տարի առաջ սատկած քուռակին (լուսանկարներ)
Ռուս և հարավկորեացի գիտնականների թիմը վստահ է, որ իրենց կհաջողվի կլոնավորել 42 000 տարի առաջ սատկած, սակայն սիբիրյան սառույցներում լավ պահպանված քուռակին՝ վերստեղծելով ձիերի նախապատմական տեսակը:
Ինչպես նշում է Daily Mail-ը, հնարավոր կլոնավորման համար օգտագործվելու են երկու շաբաթականում սատկած և Սիբիրի հավերժական սառույցներում հայտնաբերված քուռակի բջիջները: Ըստ մասնագետների՝ 42 170 տարվա պատմություն ունեցող կենդանին գրեթե հրաշալի վիճակում է պահպանվել:
Գիտնականների միջազգային թիմն արդեն մի քանի ամիս աշխատում է հայտնաբերված նմուշի վրա՝ փորձելով դրա մկանային հյուսվածքներից ստանալ անհրաժեշտ բջիջները: Բացի այդ, նրանք փորձում են ընտրել այն կենդանուն, որը կկարողանա քուռակին լույս աշխարհ բերել: Ենթադրվում է, որ գիտափորձի շրջանակում կօգտագործվեն կորեական կամ յակուտյան ձիերը:
«Գիտնականները վստահ են, որ նախագիծը հաջողություն կունենա: Նրանք իրենց փորձերը կշարունակեն մինչ ապրիլի վերջ»,-ասել է Յակուտսկի Հյուսիս-արևելյան դաշնային համալսարանի աշխատակիցը:
«Լիահույս ենք, որ շուտով աշխարհը կհանդիպի ավելի քան 42 000 տարի առաջ սատկած քուռակի կլոնին»,-հավելել է համալսարանի մեկ այլ ներկայացուցիչ Միչիլ Յակովլևը: