Ադրբեջանն ունի հանցավոր երազանքներ արցախյան եւ հայկական պետականությունը ոչնչացնելու մասին. Ստեփանակերտ
Ապրիլյան պատերազմը դիպչել էր պետության եւ մարդկանց կյանքի բոլոր ոլորտներին: Այդ մասին հայտարարել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, նախագահի աշխատակազմի Տեղեկատվական գլխավոր վարչության ղեկավար Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում՝ մեկնաբանելով 2016 թվականի ապրիլյան իրադարձությունները:
«Շատ կարեւոր է ոչ միայն հիշել այդ իրադարձությունները, այլ նաեւ փորձել վերլուծել եւ գնահատել դրանք: Դրանից է կախված՝ ինչ դասեր մենք կքաղենք: Միայն օբյեկտիվ վերլուծությունը թույլ կտա անել դա»,-նշել է Դավիթ Բաբայանը: Նրա խոսքերով՝ իրադարձություններն անհրաժեշտ է դիտարկել երկու հարթություններում՝ ներքին եւ արտաքին: «Ներքինը վերաբերում է պետության ներսում ընթացող գործընթացներին, ձեռքբերումներին եւ բացթողումներին: Այստեղ հարց է ծագում՝ որն է ամենակարեւոր ձեռքբերումը, որն է դասը: Ադրբեջանի իշխանությունները նախապատրասոտւմ էին ապրիլյան ագրեսիան ավելի քան 20 տարի՝ նպատակ ունենալով գետնին հավասարեցնել Արցախն ու գրավել Հայաստանի հարավային շրջանները: Մեզ հաջողվել է կանգուն մնալ, պահպանել անկախ հանրապետությունը: Անկախության սերունդն ապացուցել է հակառակորդին իր ուժը: Այո, մենք կորուստներ ենք կրել եւ ցավ ենք ապրում: Պայծառ հիշատակ զոհերին: Շատերի հետ մենք ծանոթ էինք անձամբ: Սակայն պետք է հիշել ոչ թե խոսքով, այլ գործով»,-ընդգծել է Բաբայանը:
«Ապրիլյան իրադարձությունները կրկին ցույց են տվել՝ ում հետ մենք գործ ունենք. հակառակորդի հետ, որը չի վերանայել իր հանցավոր նպատակները, որն ունի հանցավոր երազանքներ արցախյան եւ հայկական պետականությունը ոչնչացնելու մասին: Դա նրան չի հաջողվի: Իսկ բացթողումներ եղել են, եւ ոչ ոք չի ասում դրանց բացակայության մասին: Սակայն մի բան է շահարկել դրանք. դա մեր ուղին չէ, մեկ այլ բան՝ շտկել դրանք: Երեք տարիների ընթացքում առաջնագիծը համալրվել է նոր տեխնիկայով, անցկացվել են ինժեներական աշխատանքներ: Բավակա՞ն է արդյոք: Ե′ւ այո, ե′ւ ոչ: Եզրակացություններն արված են, սակայն իրավիճակը ստատիկ չէ,դա շարունակական գործընթաց է եւ անհրաժեշտ է զինվել համբերությամբ ու լավատեսությամբ, եւ շարունակել աշխատանքը»,-ամփոփել է Դավիթ Բաբայանը: