Ինչու հենց Շիրինյանը կամ որոշումներ մարտի մեկի պրիզմայով
Ավարտվեց մարտի 11-ին հայտարարված ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի թափուր տեղի համալրման համար հայտարարված մրցույթը: Ձայների մեծամասնությամբ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ ընտրվեց «Շողակաթ» հեռուստաընկերության գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Արա Շիրինյանը եւ մենք մեկ անգամ եւս հասկացանք, որ իրավիճակ չի փոխվել:
Հատուկ շեշտում ենք, որ Արա Շիրինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերադարձի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է: Արա Շիրինյանը վերջերս հանրայինով ցուցադրված «Հայաստանի կորսված գարունը» ֆիլմի ռեժիսորն է: Այն ֆիլմի, որը խիստ միակողմանի պատմում է 2008-ի մարտիմեկյան ողբերգական իրադարձությունների մասին:
Ափսոս, որ Հայաստանում ոչինչ չի փոխվել, ափսոս, որ մեր երկրում որոշումները կայացվում են մարտիմեկյան պրիզմայով: Սա եւս շատ վատ մեսիջ է հանրությանը: Սա նշանակում է, որ մենք ոչ թե առաջ, այլ թափով հետ ենք գնում: Չի կարելի կառչած մնալ մարտի 1-ից, չի կարելի անվերջ աշխարհին նայել մարտի 1-ի պատուհանից:
Եւ իսկապես մնում է ափսոսալ այն թեկնածուների համար, որոնք հավատացին, թե իրավիճակ է փոխվել եւ մասնակցեցին մրցույթին: Ափսոս Մեսրոպ Մովսիսյանի, Արթուր Բախտամյանի, Տիգրան Հակոբյանի, Արայիկ Մանուկյանի համար, որոնցից յուրաքանչյուրի ընտրությունը իսկապես առաջընթաց կլիներ ոլորտի համար:
Top-News.am