Վլադիմիր Պոզները նշում է ծննդյան 85-ամյակը (լուսանկարներ)
Հայտնի հեռուստահաղորդավար, լրագրող Վլադիմիր Պոզներն ապրիլի 1-ին նշում է ծննդյան 85-րդ տարեդարձը: Այս կապակցությամբ gazeta.ru կայքն ուշագրավ անդրադարձ է կատարել հոբելյարին՝ ներկայացնելով կենսագրական որոշ տվյալներ:
Պոզները ծնվել է 1934թ. Փարիզում՝ ֆրանսուհու և ԽՍՀՄ-ից տեղափոխված ներգաղթյալի ընտանիքում: Նացիստական զորքերի կողմից Ֆրանսիայի շրջափակման հետևանքով ընտանիքը տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ Պոզներն ավարտել է տարրական դպրոցը:
Այնուհետև 1952թ. ազգությամբ հրեա ապագա լրագրողը տեղափոխվել է ԽՍՀՄ, որտեղ ընդունվել է Մոսկվայի պետական համալսարանի կենսաերկրաբանական ֆակուլտետ: Դրան զուգահեռ նա գումար է վաստակել գիտական թարգմանություններ անելով:
Խորհրդային պոետ, թարգմանիչ, գրական քննադատ Սամուիլ Մարշակի մոտ գրական քարտուղար աշխատելուց հետո՝ 1960-ական թվականների սկզբին, Պոզները որպես խմբագիր աշխատանքի է անցել USSR ամսագրում:
Դառնալով ԽՍՀՄ Կոմունիստական կուսակցության անդամ՝ Պոզները ստանձնել է ԱՄՆ-ի և Անգլիայի ուղղությամբ հեռուստատեսության և ռադիոհեռարձակման կոմիտեի գլխավոր խմբագրության մեկնաբանի պաշտոնը:
1980-ական թվականների երկրորդ կեսին Պոզները դարձել է ԽՍՀՄ-ԱՄՆ հեռուստակամուրջների ժամանակ երկրի «դեմքը»: Այդ հաղորդումների մեծ պահանջարկի շնորհիվ նրան քաղաքական վերլուծաբան են նշանակել Կենտրոնական հեռուստատեսությունում:
1990-ական թվականների սկզբին նա ամեն շաբաթ ԱՄՆ-ում եթեր էր մտնում ամերիկացի լրագրող, հաղորդավար և ռեժիսոր Ֆիլ Դոնահյուի հետ:
Ներկայում Պոզները ռուսական «Առաջին ալիք»-ի գլխավոր դեմքերից է և հեղինակային հաղորդում է վարում:
Հեռուստատեսային գործունեություն ծավալելուց զատ նա նաև մի շարք գրքերի հեղինակ է: