Ստեփանակերտը պետք է մասնակցի բանակցային գործընթացի բոլոր փուլերին. Արցախի արձագանքը Փաշինյան-Ալիև հանդիպմանը
Արցախը ևս դրական է գնահատել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը Ավստրիայում: Երկխոսությունը ռազմական գործողություններից խուսափելու այլընտրանքն է: Այս մասին ասել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ-տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը:
«Մենք ողջունել ենք ցանկացած այդպիսի հանդիպում, որովհետև այն համարում ենք առանցքային բաղադրամաս Կովկասյան տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման, ինչպես նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի շարունակականության ապահովման տեսանկյունից»:
Նման հանդիպումների միջոցով պաշտպանվում է տարածաշրջանի խաղաղությունը և ապահովվում է բանակցային գործընթացի շարունակականությունը, կարծում է Բաբայանը: Իսկ Արցախը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու հարցի մասին Արցախի նախագահի մամուլի խոսնակը կարծում է` համոզված է, որ թեման եղել է օրակարգում:
«Ես կարծում եմ, որ արծարծվել է 100 տոկոսով, չի կարող հանված լինել առհասարակ, որովհետև սա նաև միջազգային փաստաթուղթ է, ընդունված սկզբունք, ԵԱՀԿ Բուդապեշտի 1994թ. գագաթնաժողովի ժամանակ է ընդունվել. և որևէ մեկը նոր գագաթնաժողովի ժամանակ կոնսենսուսի հիման վրա այդ որոշումը չի բեկանել, դրա համար սա հրամայական է, որը պետք է պահպանվի»:
Նրա կարծիքով՝ այս գործընթացը կարևոր է, և ցույց է տալիս, որ պաշտոնական Ստեփանակերտը տեղյակ է գործընթացից:
«Շատ շնորհակալ և երախտապարտ ենք Մայր Հայաստանին, տեղյակ պահելը տվյալ դեպքում կարևոր և միակ ձևն է պաշտոնական Ստեփանակերտին բոլոր գործընթացների մասին իրազեկելու , բայց սրանք իրավական և քաղաքական կատեգորիաներ չեն, իրավական ու քաղաքական կատեգորիան այն է, որպեսզի Ստեփանակերտը մասնակցի բանակցային գործընթացի բոլոր փուլերին՝ սկսած հասարակ հանդիպումներից, մտքերի փոխանակումից, մինչև փաստաթղթերի վրա աշխատանքը և առավել ևս իրականացումը, թե չէ առանց մեզ մեր ճակատագիրը որոշելը ճիշտ չէ և անընդունելի է»: