Իսկ ձեր կանայք, մայրերը, մորաքրոջ հարսները կաշխատե՞ն 40 հազար դրամով
Ազգային ժողովի հավաքարարները դժգոհ են իրենց աշխատավարձերից: Նրանք պահանջում են վերանայել աշխատավարձերը: «Նոր» Հայաստանի ղեկավարները զարմացած են եւ չեն հասկանում հավաքարարներին, իսկ «նոր» Հայաստանի ֆանատները բացականչում են՝ իսկ ո՞ւր էիք Սերժի ժամանակ:
Կարծես ավանդույթ է դարձել, որ բողոքող խմբերի հետ հանդիպումների է գնում ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: Դժվար է ասել, թե ինչու է այսպես եւ ինչու են ամենածանր գործը դնում Սիմոնյանի շալակը, բայց դա այլ թեմա է:
Մինչ օրս հավաքարարներն աշխատել են օրական երկու ժամ, ինչի դիմաց ստացել են 67 հազար դրամ աշխատավարձ։ Ալեն Սիմոնյանի խոսքով՝ աշխատակազմը կարծում է, որ ներկայում աշխատող 60 մաքրուհիների կարիքը ԱԺ-ում չկա, ավելին կա մեկ այլ կազմակերպություն, որը պատրաստ է ավելի ցածր աշխատավարձերով նույն ծառայությունը մատուցել։
Մնում է հարցնել՝ իսկ եթե գտնվի մեկ այլ կազմակերպություն, որը համաձայնի ԱԺ աշխատակազմի գործառույթները կամ պատգամավորների գործը կատարել կրկնակի կամ եռակի ավելի ցածր աշխատավարձով:
Հավաքարարներին ցանկանում են վճարել ընդամենը 40 հազար դրամ: Այստեղ չես կարող չասել՝ իսկ ձեզ ինչպես կզգայիք, եթե այդ աշխատավարձն առաջարկեին ձեր կնոջը, քրոջը, մորը, մորաքրոջ հարսին:
Ասում են, թե ինչու հավաքարարները առաջ չէին բողոքում: Չէին բողոքում, քանի որ ստանում էին 67 հազար, բացի այդ շատ պատգամավորներ պարբերաբար ֆինանսապես խրախուսում էին հավաքրարներին:
Հիմա եւ չեն խրախուսում, եւ աշխատավարձ են կրճատում, սպառնալով չհամաձայնելու դեպքում ընդհանրապես հեռացնել աշխատանքից: Եւ այսքանից հետո ասում են՝ իսկ ինչո՞ւ եք բողոքում:
Աննա Բաղդասարյան
Top-News.am