Լիտվայի նախագահ. Ռուսաստանը սպառնալիք է ներկայացնում ամբողջ Եվրոպայի համար
Ռուսաստանի դաշնությունը սպառնալիք է ներկայացնում ոչ միայն Լիտվիայի, այլ Եվրոպայի բոլոր երկրների համար։
Այս մասին հայտարարել է Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն՝ «Foreign Policy» պարբերականին տված հարցազրույցում։
«Ռուսաստանը սպառնալիք է ներկայացնում ոչ միայն Լիտվայի եւ ամբողջ տարածաշրջանի, այլ նաեւ ամբողջ Եվրոպայի համար։ Մենք տեսնում ենք, թե ինչպես է Ռուսաստանը իրեն պահում Կալինինգրադում, մեր սահմանների հարեւանությամբ»,– ասում է նա։
Նրա խոսքերով՝ ռուսական զինվորականները Կալինինգրադում հրթիռներ են տեղադրել, որոնք կարող են միջուկային լիցք կրել։
«Դրանք (հրթիռները) կարող են հասնել եվրոպական պետությունների մայրաքաղաքներին»,– ասում է Գրիբաուսկայտեն։
Այդ պատճառով,– նշում է Լիտվայի նախագահը, Վիլնյուսը խնդրում է Վաշինգտոնին, որ նա իր զինված ուժերը մշտապես տեղաբաշխի Բալթիական տարածաշրջանում։
Հիշեցնենք, որ մարտի 24-Ին Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդը, «The Washington Post»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը թքած ունի ժամանակակից աշխարհի վրա, որը հիմնված է այն արժեքների վրա, որտեղ փոքր երկրների դեմ չի կարելի ուժ կիրառել։
Նրա խոսքերով՝ ՌԴ իշխանությունները ոչ միայն փորձում են պառակտել ԵՄ–ն, այլ նաեւ քայքայել Բրյուսելի եւ Վաշինգտոնի հարաբերությունները։