Վերադարձ անցյալին չի լինելու. Դավիթ Բաբայանը՝ Սամվել Բաբայանի հայտարարության մասին
Մենք կառուցում ենք անկախ, ինքնիշխան պետություն, Արցախի ժողովուրդը 1991 թվականին իր դիրքորոշումը հայտնել է, և վերադարձ անցյալին այլևս երբեք չի լինելու: Այս մասին AraratNews.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը, պատասխանելով հարցին, թե ինչպես կմեկնաբանի Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հայտարարությանը, որ Արցախը պետք է դնել ռուսական մանդատի ներքո:
«Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն արտահայտելու իրավունք ունի, և սա ամրագրված է Սահմանադրությամբ: Մենք ունենք մտքի և խղճի ազատություն, բայց մենք ունենք պետություն և ինքնիշխանություն: Մեր ժողովուրդն արդեն իր ազատ կամարտահայտությամբ, հանրաքվեի ժամանակ իր կամքն արտահայտել է և հետդարձ անցյալին չի կարող լինել»,- ասաց Դավիթ Բաբայանը՝ նշելով, որ Արցախի Հանրապետության կարգավիճակի միակ փոփոխությունը կարող է լինել այն, որ Արցախը միանա միացյալ հայրենիքին՝ Հայաստանին:
«Ազգային անկախ պետականությունը մեր գերագույն արժեքն է»,- ասաց Դավիթ Բաբայանը:
Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ հարաբերություններին, նա նշեց, որ Ռուսաստանն իրենց համար եղբայրական երկիր է, որի հետ պետք է հարաբերությունները զարգացնել, քանի որ ՌԴ-ում կա ամենամեծ հայկական սփյուռքը:
«Մենք պետք է լավ հարաբերություններ պահպանենք բոլոր այն երկրների հետ, որտեղ կա հայկական մեծ սփյուռք և ռազմավարական գործակցություն»,- ասաց Բաբայանը՝ հավելելով, որ Արցախը իր հարաբերությունները պետք է զարգացնել նաև ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իրանի, Վրաստանի և բոլոր այն երկրների հետ, որտեղ կա հայկական մեծ սփյուռք: