Ինչպես են կործանում Հայաստանը
Դժբախտություն է, երբ անկախությունից 25 տարի անց խոսում ես ոչ թե պետության զարգացման, առաջընթացի, այլ կործանման հնարավորության մասին: Իսկ մեր պետությունը կանգնած է ազգային աղետի՝ կործանման շեմին:
Երբ խոսում ենք կործանումից, ոմանք պատկերացնում են, թե պետք է շենքերը քանդվեն կամ օտարերկրյա զորքերը ներխուժեն երկիր: Իրականում պետությունը կործանվում է ներսից, իսկ օտարերկրյա զորքերը կամ շենքերը քանդվում կամ չեն քանդվում հետո:
Ցավալի է, բայց չգիտես ինչու, ազգի ինքնապահպանման բնազդը կոմայի մեջ է: Ցավալի է, բայց մտավորականություն, որպես այդպիսին, գոյություն չունի, որ ժողովրդին սթափության կոչ անի: Իսկ այն հատուկենտ սթափության կոչերը լռեցվում են գորշ եւ ագրեսիվ հնազանդ զանգվածի աղմուկի մեջ:
Պետությունը կործանվում է, երբ ազգի հերոսին, Շուշին ազատագրողին ակնհայտ շինծու մեղադրանքով, այն էլ նախընտրական շրջանում զրկում են ազատությունից, իսկ ազգի գերակշիռ մասը, այդ թվում քաղաքական հիմնական ուժերը հայտնվում են դիտորդի կարգավիճակում:
Պետությունը կործանվում է, երբ Վաղարշապատի քաղաքապետի ընտրությունների ժամանակ թեկնածուներից մեկին դաժան ծեծի են ենթարկում, առեւանգում եւ մնում անպատիժ, իսկ հետո նույն այդ Վաղարշապատում, արդեն Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ընդդիմադիր դաշինքի ակտիվիստի գլխին ատրճանակ են դնում եւ պահանջում հեռու մնալ ընտրություններից եւ կրկին վստահ, որ մնալու են անպատիժ:
Պետությունը կործանվում է, երբ կեղծվում են ընտրությունների արդյունքները, երբ այդ հանցագործությանը ներքաշում են մանկավարժներին՝ դպրոցի տնօրեններին, ուսուցիչներին, մանկապարտեզի վարիչներին եւ դաստիարակներին:
Պետությունը կործանվում է, երբ հետո հայտնվում են շատ լուրջ դեմքով մարդիկ եւ ասում, թե տնօրենները եւ մանկապարտեզի վարիչները որեւէ օրենք չեն խախտել:
Պետությունը կործանվում է, երբ ինչ-ինչ պատճառներով բնակչության մեծամասնությունը երազում է այլ երկրի քաղաքացիություն ստանալու մասին եւ իրեն ստորացնելով դիմում է տարատեսակ քայլերի:
Պետությունը կործանվում է, երբ հազիվ երկու միլիոն բնակչություն ունեցող երկրից ամեն տարի ընդմիշտ հեռանում է 50 հազար մարդ, իսկ պետության առաջին դեմքերը ասում են, թե նորմալ է, եւ ոչ մի աղետալի բան չկա:
Պետությունը կործանվում է, երբ իրենց մտավորական համարողները տանը, սրճարանում քննադատում են իշխանություններին, իսկ առաջին իսկ հրահանգով գնում են իշխանությունների հետ հանդիպման եւ ոտքերը դողացնելով քծնում եւ գովերգում նրանց:
Պետությունը կործանվում է, երբ հասուն տղամարդիկ իրենց շեֆի մատ թափ տալուց հետո գլուխները կախ մոզիների նման պատրաստակամություն են հայտնում քվեարկել ՀՀԿ-ի օգտին եւ դեռ իրենց կնոջն էլ համոզում են անել նույնը:
Պետությունը կործանվում է, երբ մարդը, հատկապես պետության ղեկի մոտ գտնվողն իր մանր անձնական շահը վեր է դասում պետության շահից:
Պետությունը կործանվում է, երբ իշխանությունները որեւէ հետեւություն չեն անում անցյալի սխալներից, թերություններից եւ պատրաստվում են շարունակել նույնը:
Պետությունը կործանվում է, երբ հայտնվում են «ձայն բերող» տղաներ եւ աղջիկներ, որոնց արդեն «տասովշիկ» են ասում, որոնք տնետուն ընկած ընտրակաշառք են խոստանում եւ գտնվում են մարդիկ, որ համաձայնվում են վերցնել այդ թույնը:
Պետությունը կործանվում է, երբ իրավապահ մարմինները կանգնում են մարդասպանության համար դատապարտված եւ ընդամենը երեք տարի հետո ազատության մեջ հայտնված եւ ընդդիմադիր թեկնածուների ֆիզիկապես ճնշող հանցագործի կողքին, իսկ քաղաքական ուժերը չգիտես ինչու աղմուկ չեն բարձրացնում եւ չեն ասում, թե օրինակ ինչ է կատարվում Ճամբարակում:
Ահա այսպես են կործանվում պետությունները: Օրինակները ձեզնից յուրաքանչյուրը կարող է շարունակել տասնյակներով:
Գագիկ Մարտիրոսյան