Սոված ենք ապրում. Ալավերդին ամենատխուր քաղաքն է
Լոռու մարզի Ալավերդի քաղաքի ցանկացած վայրից երեւում է պղնձամոլիբդենային գործարանից բարձրացող հրեշավոր եւ կործանարար ծուխը: Ալավերդցիները թունավորվում են, բայց բողոքում, թե պղնձաձուլարանում ընդամենը 60 հոգի է աշխատում:
Ալավերդին գործազրկության բարձր ցուցանիշ ունեցող քաղաքներից է: Երբեմնի արդյունաբերական կենտրոնն այսօր վերածվել է արտագաղթի կենտրոնի: Տարեց ալավերդցիները հիշում են, որ ժամանակին քաղաքի բնակչությանը նթիվը հասել էր 62 հազարի, իսկ այսօր այս տխուր եւ մեռնող քաղաքում մնացել է 15-20 հազար մարդ: Արտագաղթի հիմնական ուղղությունը Ռուսաստանի Դաշնությունն է:
«Ալավերդիում սոված ենք, սոված ապրելը հեշտ չէ»,- մեզ հետ զրույցում նշում է տարեց քաղաքացիներից մեկը:
Գործազուրկ ալավերդցիները նշում են, որ այժմ իրենց միակ զբաղմունքը մնացել է անտառներից մրգեր եւ հատապտուղներ հավաքելն ու շուկայում վաճառելը:
Քաղաքի բնակիչների հետ հանդիպում ենք Ալավերդու «Հայպեչ» կոչվող տարածքում: Այն Ալավերդու ամենահայտնի տոնավաճառներից մեկն է: «Հայպեչ» անվանումն էլ տարածքը ստացել է այն որոշման հաստատումից հետո, երբ «Հայ» պետական շինարարական կազմակերպությունը թույլատրել է Ալավերդու Սայաթ-Նովայի թաղամասում բազմաբնակելի շենքեր կառուցել:
Նշյալ տարածքում առեւտուր անող ալավերդցիներն իրենց ներկայի սոցիալական վատ վիճակի մեղավորներ տեսնում են ՀՀ իշխանություններին՝ ՀՀԿ էլիտայի գլխավորությամբ:
«Եթե մաֆիան փոխվի, էս երկրում բան կփոխվի: Եթե Բարգավաճը գա, Ժառանգությունը գա, ինձ թվում է այդ ժամանակ նոր մի բան կլինի: Եթե իրանք չեկան իշխանության, մենք էլի սենց՝ եղինջ ծախելով կապրենք: Սարից եղինջ, բանջար ենք հավաքում, բերում, բայց գնորդ չկա: Ալավերդիում աշխատանք չկա: Ես սովորած, ավարտած եմ, բայց շուկայում ապրանք եմ վաճառում»,- ասում է մրգավաճառ Արմինե Միքայելյանը:
Վերջինս մեզ հետ զրույցում նշում է, որ իր նման շատ ալավերդցիներ հույսերը կապում են Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Գագիկ Ծառուկյանի հետ: Մեր այն դիտարկմանը, թե ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն իրենց համաքաղաքացին է, չե՞ն ցանկանում նրան սատարել, Ալավերդիում հորդորեցին՝ իրենց նման հարցերով չդիմել:
«Հանրապետականի անունը իմ մոտ մի տուր: Դրանք մարդու օգնո՞ւմ են, դրանցով առաջ գնալ չի լինի: Լույսը թանգացրեցին, ուտելիքը թանգացրեցին: Գագիկ Ծառուկյանը շատ նվիրված է ժողովրդին: Ալավերդցիների համար բան չի արել, բայց ես տեսնում եմ, որ ուրիշների համար անում է: Նույնն էլ Ժառանգությունն է: Րաֆֆի Հովհաննիսյանին ես շատ եմ հարգում: Նա նույնիսկ հացադուլի նստեց իր արդարության համար»,- ասում է Արմինե Միքայելյանը:
Ալավերդցի տարեցներն էլ կառավարության վատ կառավարման արդյունք են համարում իրենց վատ ապրելակերպը:
«Կառավարությունն է մեղավոր. էնքան թոշակ պետք է տան, որ կարողանանք գնանք բժշկի, դեղ առնենք: Առեւտուր չկա, գնորդ չկա, սաղ գնացել են Ռուսաստան: Շատ մի խոսացրա, շատ եմ նեղված»- ասում է Սուրեն Ջանինյանը:
Դավիթ Գասպարյան
Ալավերդի