Բանկային համակարգի գերմանական հսկաները կբանակցեն միավորվելու մասին
Գերմանիայի երկու խոշորագույն բանկերը՝ Deutsche Bank-ն ու Commerzbank-ը, կանցկացնեն պաշտոնական բանակցություններ միավորվելու վերաբերյալ, հաղորդում է BBC News-ը:
Ամիսներ շարունակ մշակվում էին երկու բանկերի հնարավոր միավորման մասին առաջարկները:
Ինչպես նշում է պարբերականը, միավորումը կարող է հանգեցնել ընկերությունների ծախսերի զգալի նվազմանը, սակայն քննադատները համարում են, որ այդ քայլը բարդ է եւ ռիսկային:
Թվում է, թե Գերմանիայի կառավարությունը կողմ է այդ գործարքին. այն դեռեւս ունի Commerzbank-ի ակցիաների 15.5 տոկոսը, որոնք ձեռք էր բերել ֆինանսական ճգնաժամը հաղթահարելուց հետո:
Հաղորդվում է, որ Գերմանիայի ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցն ինքն է համոզել բանկերին դիտարկել միավորման հնարավորությունը, քանի որ համարում է, որ Գերմանիան կարիք ունի բանկային ոլորտում ազգային առաջատարի:
Ինչպես նշում է պարբերականը, միավորման արդյունքում բանկերը կսպասարկեն երկրի ամբողջ բանկային համակարգի մեկ հինգերորդ մասը եւ կվերահսկեն 1.8 տրիլիոն եվրոյի չափով ակտիվները, ինչպիսիք են վարկերն ու ներդրումները: