Թուրքիայում կանգուն մնացած եկեղեցին ենթարկվում է գանձագողերի հարձակումներին
Թուրքիայի նախկին հայաբնակ Ուրֆա (Եդեսիա–խմբ) նահանգի Գերմուշ (Կամուրջ–խմբ) գյուղի հայկական եկեղեցին, որ 5 տարի առաջ հայտարարվել էր զբոսաշրջային կենտրոն, շարունակվում է ճակատագրի քմահաճույքին լքված մնալ։
Թուրքական Urfanatik կայքի փոխանցմամբ՝ Ուրֆայի Գերմուշ գյուղում 19–րդ դարում 7 հայ եղբայրների կողմից կառուցված եկեղեցու որոշ հատվածներ սկսել են փլվել։
Ուրֆայի հատվածում պատմական նշանակության հուշարձանների ուսումնասիրությամբ զբաղվող Մեհմեդ Գյուզելը նշել է, թե եկեղեցին մինչեւ 1915–ը օգտագործել են ուղղափառ հայերը։ «1915–ից հետո Գերմուշ գյուղը հանձնվել է համիդիյե ջոտակներից մեկի հրամանատար Սյումեր փաշային։ Այս պահին գյուղը Սյումեր փաշայի ժառանգների ձեռքում է։ Եթե այս եկեղեցին վերանորոգվի, այն Ուրֆայի տուրիզմի համար մեծ օգուտ կբերի։ Մենք ուզում ենք, որ այն վերանորոգվի ու կրկին բացվի հոգեւոր արարողությունների համար»,–ասել է Մեհմեդ Գյուզելը։
Գյուղի բնակիչներից Հուսեյն Ասլանն էլ նշել է, թե կանգուն մնացած եկեղեցին մշտապես ենթարկվում է գանձագողերի հարձակումներին ու փլուզման վտանգի տակ է։