Անթալիայի ափերին կարող են թունավոր մեդուզաներ հայտնվել. թուրք պրոֆեսոր
Անթալիայի առափնյա ջրերում կարող են թունավոր մեդուզաներ հայտնվել, այս մասին զգուշացրել է Թուրքիայի Միջերկրածովյան համալսարանի պրոֆեսոր Մեհմեդ Ջենգիզ Դեվալը, գրում է ulastirma.com.tr-ը:
Ալեքսանդրեկի ծոցում բազմացող մեդուզաները հեշտությամբ կարող են հայտնվել Անթալիայի ծոցի ջրերում ու վտանգ ներկայացնել այնտեղ հանգստացող զբոսաշրջիկների, սուզորդների կամ ձկնորսների համար: Թուրք պրոֆեսորը նկատել է, որ թունավոր մեդուզաները վտանգավոր են անգամ սատկած վիճակում:
Դեվալը նշել է, որ ծովային այս արարածների՝ մարդու մաշկին դիպչելու դեպքում դրանց պետք է շտապ հեռացնել ծովային ջրի կամ սուր ծայրով որևէ գործիքի օգնությամբ:
«Պետք է խուսափել դրանց դիպչելուց, ձեռքով պոկելուց կամ քաղցրահամ ջրով լվանալուց, քանի որ նման դեպքում մեդուզայի վրա առկա նեմատոցիտները (խայթող բջիջներ) ակտիվանում են», - ասել է պրոֆեսորը: