Ամենաթանկը՝ 262 575, ամենաէժանը՝ 127 դոլար. Bonhams-ն աճուրդում վաճառել է Ջերարդ Գաֆեսճյանին պատկանած արվեստի 100 գործ (լուսանկարներ)
Բրիտանական հեղինակավոր Bonhams աճուրդի տունը վաճառել է հայազգի գործարար և բարեգործ Ջերարդ Գաֆեսճյանի արվեստի հավաքածուի որոշ նմուշներ:
Ընդհանուր առմամբ վաճառվել է հարյուր արվեստի գործ՝ թանկարժեք մետաղներից, կիսաթանկարժեք քարերից ու հանքանյութերից պատրաստված քանդակներ, որոնց մեծ մասը կենդանական աշխարհի թեմայով են:
Աճուրդի ամենաթանկ վաճառված նմուշը եղել է լուսավորվող, ավտոմատացված երաժշտական կարուսելը, որն անհայտ գնորդը ձեռք է բերել 262 575 դոլարով: Թանկարժեք քարերով ու ոսկուց պատրաստված նմուշի հեղինակն Անդրեա վոն Զադորա Գերլոֆն է:
Մինչդեռ աճուրդի ամենամատչելի նմուշը ձեռք է բերվել 127 դոլարով:
Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած գաղթականների ընտանիքում ծնված Գաֆեսճյանի բարեգործական գործունեության ամենակարկառուն ձեռքբերումը Երևանի գլխավոր ճարտարապետական կառույցներից մեկի՝ Կասկադի վերանորոգումն է եղել, որտեղ 2009 թվականին բացվել է Գաֆեսճյան արվեստի կենտրոնը։ Տարեկան ավելի քան մեկ միլիոն այցելու հյուրընկալող թանգարանը, որը կրում է իր հիմնադրի անունը, այսօր դարձել է քաղաքի կարևորագույն մշակութային կենտրոններից մեկը։ Ցուցադրելով իր մասնավոր հավաքածուն՝ Գաֆեսճյանը նպատակ ուներ արվեստի միջոցով լույս տարածելու հայերի կյանքում։
Ստորև ուշագրավ ֆոտոշարքով ներկայացնում ենք աճուրդում վաճառված նմուշներից մի քանիսը.