Հասկացա՞ք, որ քրեական գործերով բյուջե չեք լցնի
Եկել հասել ենք մի հանգրվանի, երբ հպարտանում են ոչ թե կատարված աշխատանքով, ձեռք բերած հաջողություններով, այլ հարուցված քրեական գործերով:
ՊԵԿ նախագահի տեղակալը ուղիղ նայում է լրագրողների աչքերին եւ հպարտանալով ասում, թե 2017թ-ին հարուցել է 57 քրեական գործ, իսկ 2018-ին՝ 134։
Ուշադրություն դարձրեք, որ ՊԵԿ նախագահի տեղակալը հպարտանում է ոչ թե հավաքագրված գումարներով, ոչ թե հարկատուների բեռը թեթեւացնել, ոչ թե կատարված բարեփոխումներով, այլ հարուցված քրեական գործերով:
Այսքանից հետո դեռ ասում են տնտեսական հեղափոխություն: Դուք դեռ չե՞ք հասկացել, որ տնտեսական հեղափոխություն չի կարող լինել, երբ ՊԵԿ-ի գերանմիջական մասնակցությամբ հարուցվում են քրեական գործեր:
Ի՞նչ տնտեսական աճի մասին կարող է խոսք լինել, եթե հարկ վճարողները հայտնվել են այսպիսի մամլիչի տակ:
Հիմա ամենակարեւորը կամ ամենագլխավորը: ՊԵԿ նախագահի տեղակալն առանց ամաչելու ասում է, որ պետությանը պատճառած վնասի վերականգնման չափով 2017թ-ին ունեցել ենք 8․4 մլրդ, 2018թ-ին՝ 8․5 մլրդ։
Սա այն դեպքն է, երբ չգիտես թե ինչպես արձագանքես: ՊԵԿ-ի անխոնջ աշխատանքով հարուցվել է մոտ հարյուրով ավելի քրեական գործ, բայց 2017-ի համեմատ ավելի է հավաքվել հազիվ 100 միլիոն դրամ: Մեկ բառով սա կոչվում է խայտառակություն:
Մեկ անգամ եւս համոզվեցինք, որ ՊԵԿ-ը տզի նման նստած է մեր տնտեսության եւ ժողովրդի վրա: ՊԵԿ-ը ոչ թե պետության կյանքը թեթեւացնող մարմին է, այլ կարծես հարստահարող կառույց լինի:
Հարուցված քրեական գործերը միայն ու միայն Հայաստանից հեռացնում են կապիտալը, վանում հնարավոր ներդնողներին, նվազեցնում տնտեսական աճի տեմպերը:
Քրեական գործերով չնչին գումարներ են հավաքում, բայց վնասը ավելի մեծ է լինում: Այսքանից հետո ուզում ես հարցնել՝ հիմա հասկացա՞ք, որ քրեական գործերով բյուջե չեք լցի, տնտեսական հեղափոխություն չեք անի, թե՞ դեռ ոչ:
Հակոբ Ասատրյան
Top-News.am