Էրդողանը մեղադրել է «Ֆեմինիստների գիշեր» քայլերթի մասնակիցներին
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ստամբուլում «Ֆեմինիստների գիշեր» քայլերթի մասնակիցները, սուլելով ազանը (մուսուլմանների մոտ աղոթքի կոչը), անարգանք են ցուցաբերել իսլամի հանդեպ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով T24 հեռուստաալիքին:
Ինչպես հաղորդվում էր, ուրբաթ Ստամբուլի ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ մարտի 8-ին տեղի ունեցած «Ֆեմինիստների գիշեր» քայլերթի մասնակիցների դեմ: Նախքան քայլերթը կանայք դուրս են եկել Իստիկլալի հարեւան փողոցներ եւ բղավել ոստիկանության դեմ կարգախոսեր: Անվտանգության ուժերը կոչ են արել նրանց հեռանալ, որից հետո կիրառել են արցունքաբեր գազ եւ պլաստիկ փամփուշտներ: Ցուցարարների մի մասին ոստիկանությունը հետ է մղել դեպի Թաքսիմ հրապարակ, մնացածին արգելափակել:
«Դուք, հավանաբար, տեսել եք անարգալից վերաբերմունքը կանանց օրվա առիթով քայլերթի ժամանակ, որը ղեկավարվում էր (հիմնական ընդդիմադիր) «Ազգային հանրապետական կուսակցության» (ԱՀԿ) եւ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» կողմից, երբ նրանք սուլում էին եւ բղավում կարգախոսերը Թաքսիմում ազանի ժամանակ: ԱՀԿ-ի պատմության մեջ եղել են ազանի եւ մզկիթների նկատմամբ նմանօրինակ կոպիտ վերաբերմունքի դեպքեր, սակայն Թաքսիմում տեղի ունեցածը դաս է»,-ասել է Էրդողանը Մերսենում իր ելույթի ժամանակ, որը հեռարձակվում էր NTV հեռուստաալիքով:
Ստամբուլում ակցիայի կադրերը մեծ էկրանով ցույցադրելու համար ընդհատելով իր խոսքը՝ Թուրքիայի նախագահը նշել է, որ չի ցանկանում անդրադառնալ կանանց քայլերթի մյուս միջադեպերին, որոնք նա անվանել է «կանանց համար ամենամեծ վիրավորանք»: «Ազանի նկատմամբ անարգանքը ցույց է տալիս՝ որքանով են գալիք ընտրությունները (մարտի 31-ին Թուրքիայում ավագանու ընտրությունները) կարեւորվում մեր երկրի եւ ազգի ապագայի տեսանկյունից»,-հավելել է Էրդողանը: