Սա այն գազամուղն է, որը կառուցեց....
Նիկոլ Փաշինյանի Իրան կատարած այցը հիմնականում հիշվեց Իրանական գազը Հայաստանի տարածքով արտահանման հնարավորության մասին հայտարարությամբ։ Սա բնութագրվեց որպես նոր Հայաստանի դիվանագիտական հաղթանակ։
Մի կողմ թողնենք, հայտարարությունը կդառնա իրականություն, թե ոչ։ Ուղղակի ֆիքսենք, որ նոր Հայաստանի դիվանագիտական հաղթանակը, այն է՝ Հայաստանը գազի տարանցիկ երկիր դառնալու հեռանկարը հնարավոր է դարձել միայն ու միայն այն պատճառով, որ հին Հայաստանում, ավելի կոնկրետ՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակ կառուցվել է Իրան-Հայաստան գազամուղը։
Դեռ 2006-ին, երբ երկրի նախագահը Ռոբերտ Քոչարյանն էր, Հայաստանի կախվածությունը հյուսիսային գազատարից մեղմելու եւ էներգետիկ անվտանգության անհրաժեշտ մակարդակն ապահովելու համար կառուցվեց, իսկ արդեն 2007-ին գործարկվեց Իրան-Հայաստան գազամուղը:
Գազամուղը կառուցվեց արեւմուտքի, ատաջին հերթին ԱՄՆ ակնհայտ ճնշումների եւ Ռուսաստանի ակնհայտ անտարբերության պայմաններում։ Ի վերջո, գազամուղը կառուցվեց, անկախ բոլոր դժվարություններից եւ առանց բյուջեի վրա լրացոցիչ բեռ դառնալու: Այս մասին, ի դեպ, մանրամասն պատմում է Ռոբերտ Քոչարյանն իր գրքում։
Հայաստանի հնի ու նորի բաժանումը շատ անիմաստ զբաղմունք է։ Եթե այսօր հաջողվի Հայաստանի տարածքով գազի արտահանումը, ապա դա կլինի տարիներ առաջ մեծ դժվարությամբ կառուցված Իրան- Հայաստան գազամուղով իրականացրաց հաջողված գործարք, ձեռքբերում։ Եվ գուցե հաջորդ իշխանությունները, զարգացնեն այդ գործարքը եւ Հայաստանի համար ավելի մեծ ձեռքբերում ստանան։ Այդպես են զարգանում նորմալ պետությունները։
Ի դեպ, երբ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ ՀՀ վարչապետը զբոսնում էր Հյուսիսային պողոտայում, կրկին անգամ մոռացության տրվեց , թե ով էր նախագահը, երբ իրականացվեց այդ ծրագիրը՝ անկախ բոլոր դժվարություններից, մեզ նվիրելով Հյուսիսային պողոտան, որտեղ գլուխներս բարձր զբոսնելու ենք հրավիրում նույնիսկ ամենաբարձրաստիճան եւ քմահաճ հյուրերին:
Իհարկե, պատմությունը ամեն ինչ իր տեղն է դնելու, բայց նստվածքը միեւնույն է մնում է։
Վահրամ Գեւորգյան
Top-News.am