Գիտնականները բացատրել են «արտույտների» եւ «բվերի» ուղեղի աշխատանքի առանձնահատկությունը
Ավստրալիայի Մոնաշի համալսարանի գիտնականներին հաջողվել է պարզել «արտույտների» եւ «բվերի» ուղեղի աշխատանքի առանձնահատկությունները։ Պարզվել է, որ «բվի» ուղեղի հատվածները միմյանց հետ ավելի վատ են փոխգործակցում, քան «արտույտների» ուղեղի հատվածները, ինչի արդյունքում «բվերի» աշխատանքի արդյունավետությունն ավելի բարձր է ուշ ժամերին։
Գիտնականները համեմատում են «բվերի» աշխատանքային եւ կենսաբանական ժամերը ջեթլագի հետ (օրգանիզմի բնական ռեակցիա՝ ի պատասխան ժամային գոտիների փոփոխության)։ Ցիրկադային ռիթմերի չհամընկնումը աշխատանքային ժամանակացույցի հետ «բվերի» պարագայում կարող է ունենալ բացասական ազդեցություն առողջության վրա՝ ընդհուպ մինչեւ վաղ մահվան վտանգը։
Հետազոտությունում ներգրավվել է 38 մարդ, որոնք պետք է ֆիթնես թրեքերներ կրեին, ինչպես նաեւ մանրամասն պատասխանեին իրենց քնի ռեժիմի վերաբերյալ հարցերին։ Գիտնականները չափել են փորձարկվողների օրգանիզմում որոշ հորմոնների մակարդակը, ինչպես նաեւ սքանավորել են նրանց գլխուղեղը։ Այնուհետեւ կամավորները պետք է ժամը 8.00-ից մինչեւ 20.00-ն կատարեին մի շարք առաջադրանքներ ուշադրության եւ ռեակցիայի ստուգման համար՝ միաժամանակ գնահատելով իրենց քնկոտության մակարդակը թեսթավորման ժամանակ։
Ուղեղի սքանավորումը պարզել է, որ «արտույտների» մոտ ուղեղի որոշ հատվածներ թուլացած վիճակում ավելի լավ են «սինքրոնացվում, քան «բերի», ինչի շնորհիվ նրանք քնկոտություն չեն զգում։ Փորձարկումները հաստատել են կարծիքը, թե «արտույտները» ավելի արդյունավետ են աշխատում առավոտյան, մինչդեռ «բվերը՝ երեկոյան։
Գիտնականները 100 տոկոս համոզվածությամբ չեն հաստատում, սակայն, որ ուղեղի հատվածների «սինքրոնացման» տարբերությունը վկայում է աշխատանքի արդյունավետության բարձրացման կամ նվազման մասին։
Հետազոտության արդյունքները հրապարակվել են Current Biology գիտական ամսագրում։