Թատերականացված տեռորի ժամանակագրությունը
Այս թեմայով
- Սամվել Բաբայանի թեման «փակված» է. Արցախում լուրջ պայքար կընթանա 2 թեկնածուների միջեւ
- Ես վստահ եմ՝ Ռոբերտ Քոչարյանը կրակելու հրահանգ չի տվել․ Սամվել Բաբայան
- Առանց Վազգեն Սարգսյանի հետ համաձայնեցնելու Ռ. Քոչարյանը Մեղրիի հարցով բանակցությունների չէր կարող գնալ. Սամվել Բաբայան
- Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ գնում են ճշտումներ. Սամվել Բաբայան
Իշխանությունը վերջին 2-3 տարվա ընթացքում պարբերաբար «բացահայտում է» ահաբեկչական խմբեր, որոնց նպատակը իշխանության բռնի տապալումն է, որը նույնն է, թե Սերժ Սարգսյանի հեռացումը:
Ոչ վաղ անցյալում նույն սցենարով, մեծ շուքով, ԿԳԲ-ական լրատվամիջոցների ինֆորմացիոն հովանավորությամբ՝ բացահայտվեց Նոքր-Մարաշի խումբը: Անցել է բավական երկար ժամանակ ոչ մի ապացույց, ոչ մի դատավճիռ, ոչ մի աղմկահարույց բացահայտում: Իսկ ձերբակալության օրերին հիշեք, թե ինչեր էին խոստանում իրավապահները: Սերժ Սարգսյանի սենյակում Գորիկ Հակոբյանն ու Վովա Գասպարյանը տեսախցիկների առաջ արժանացան հատուկ գովասանքի: Շարունակություն չկա: Ոչ մի բացահայտում, ոչ մի փաստ:
Դրանից հետո նույն սցենարով, նույն լրատվական եւ հաճախորդական նախապատրաստկան աշխատանքով ձերբակալվեց Ժիրայր Սեֆիլյանը: Հիշեք ինչ էր գրում մամուլը, ինչ արտահոսքեր էին ապահովում հատուկ ծառայությունները: Բայց դեռեւս ոչ մի փաստ, ոչ մի դատավարություն, ոչ մի ապացույց: Քանի որ հանրային կարծիք ձեւավորում է «գեբելսյան քարոզչամեքենան»՝ հասարակությունը մոռացության տվեց կատարվածը:
Երեկ գռեհկության հասնող բեմականացմամբ ձերբակալվեց Սամվել Բաբայանը: Նույն լրատվամիջոցների, նույն արտահոսքերի, նույն բլոգերների ծափողջյուններով իշխանությունը գնաց հերթական քաղաքական թատրոնի: Նպատակը մեկն է՝ իշխանությունը վախում է, իշխանությունը հասկանում է, որ շատ մոտ է իշխանափոխության օրը: Եվ հենց այդ պատճառով գնաց նման վատ կազմակերպված քայլի: Այս քայլը նաեւ մեծ ռիսկեր է պարունակում հենց իշխանության համար: Հասարակական կարծիքը երեկվանից դարձել է անկառավարելի իշխանության համար եւ հակաիշխանական ալիքը մեծանում է:
Չի բացառվում, որ իշխանությունը գնա այլ սադրիչ, ճարահատյալ քայլերի՝ նույնը արել են Բեն Ալին՝ Թունիսում, Քադաֆֆին՝ Լիբիայում, Մուբարաքը՝ Եգիպտոսում, Յանուկովիչը՝ Ուկրաինայում…: Բայց այդ քայլերը որեւէ մեկին չեն փրկել: Հայաստանում ընդամենը 8-9 օր հետո խորհրդարանական ընտրություններ են եւ ժողովուրդը կարող է խաղաղ ճանապարհով ընտրել նոր իշխանություն:
Հ.Գ. Առանձին թեմա է Հաց բերողի մահը: «Գեբելսյան քարոզչամեքենան» իր ընդդիմադիր հաճախորդների հետ մեղավորներ է փնտրում բժիշկների շրջանում, միջին կարգի քննիչների մեջ: Իրականությունն այն է, որ առանց հստակ հանձնարարականի Հաց բերողը չէր կարող ձերբակալվել: Հանձնարարականը տվել է մեկ մարդ: Այլ հարց է՝ թե ում հորդորով:
Գագիկ Մարտիրոսյան