Երկիրը կարող է առանց շերտավոր-կույտային ամպերի մնալ
Առաջիկա 100 տարիներին Երկիրը կարող է մնալ առանց շերտավոր-կույտային ամպերի, որոնք մեր մոլորակը պաշտպանում են գերտաքացումից։ Եթե դա տեղի ունենա, կլիմայական աղետն անխուսափելի է, եւ դրա հետեւանքներն ավելի սարսափելի եւ զանգվածային կլինեն, քան ամենահոռետեսական կանխատեսումներն են՝ հայտնում է BBC-ն։
Կալիֆոռնիական տեխնոլոգիական համալսարանի գիտնականների խումբը նախազգուշացնում է, որ մթնոլորտում ածխաթթու գազի խտության աճը սպառնում է ամպային շերտի վերացմամբ, որը արեւի լույսից պաշտպանում է համաշխարհային օվկիանոսի զգալի մասը։
Երբ CO2-ի խտությունը գերազանցի որոշակի ցուցանիշը, կգա բեկումնային պահը, եւ ամպերը կսկսեն անվերադարձ ոչնչանալ, ինչը կհանգեցնի օվկիանոսի կտրուկ տաքացմանը։
Մոտ 55 մլն տարի առաջ Երկրի պատմության մեջ արդեն եղել է նման ժամանակաշրջան։ Այն ժամանակ մեր մոլորակը այնպես էր տաքացել, որ արկտիկական ջրերում կոկորդիլոսներ էին լողում, իսկ պարզունակ կաթնասունների մեծ մասը ուղղակի ոչնչացել էր։