Բազմակողմ հարձակում պետհամալսարանի ռեկտորի դեմ
Փետրվարի 28-ին նշանակված է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը, որի նպատակը գործող ռեկտոր Արամ Սիմոնյանի պաշտոնանկության կազմակերպումն է: ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը 32 անդամ ունի, որոնցից 16-ին նշանակում է իշխանությունը, իսկ 16-ին՝ բուհը:
Լրատվամիջոցների համաձայն, բուհի կողմից ընտրված անդամներին այս օրերին հրավիրում են ոստիկանություն եւ ԱԱԾ ու խիստ հրահանգում խորհրդի նիստի ժամանակ քվեարկել Սիմոնյանի պաշտոնանկության օգտին:
Այս փաստը ոչ միայն զզվելի է, այլ նաեւ խիստ մտահոգիչ: Եթե չմեղմենք գույները, եւ եթե մամուլի հրապարակումները համապատասխանում են իրականությանը, ապա պետությունը զբաղված է համալսարանականների ահաբեկմամբ:
Հետաքրքիրն այն է, որ համալսարանում գնալով տարածում ստացած լուրերի, նրանք, ովքեր նախկինում առանձնապես հիացած չէին ռեկտորի գործունեությամբ, ոստիկանություն եւ ԱԱԾ հրավիրվելուց հետո հստակ որոշում են կայացրել քվեարկել հօգուտ Արամ Սիմոնյանի:
Ի դեպ, Արամ Սիմոնյանի նկատմամբ գրոհը սկսվեց «հեղափոխության» հաղթանակից մեկ երկու շաբաթ հետո: Այն ժամանակ ակտիվ դերակատարում ունեին, այսպես կոչված, գրանտակեր ուսանողները, որոնք իրենց լկտի եւ ցինիկ պահվածքով առաջացրին միայն հակակրանք: Պատահական չէ, որ ուսանողները եւ դասախոսները չմիացան նրանց պահանջին:
Հիշեցնենք, որ 2018թ. մայիսի 29-ից «ԵՊՀ ռեստարտ» քաղաքացիական նախաձեռնության անդամները ներխուժել էին ԵՊՀ վարչական համալիր եւ ակնհայտ անհարգալից ու արհամարհական վերաբերմունք դրսեւորելով ԵՊՀ աշխատակազմի նկատմամբ եւ անգամ ռեկտորին փակել իր սենյակում, հակառակ նրա խնդրանքին, որ վատ է զգում եւ բժշկի կարիք ունի:
Արդեն այն ժամանակ պարզ դարձավ, որ «ակտիվիստները» վայելում են կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների անթաքույց աջակցությունը: Այսուհանդերձ, գրանտակերների պայքարը ավարտվեց պարտությամբ, որից հետո գործին խառնվեց բոլորին շատ սիրող ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը:
Նա բավական սկանդալային հայտարարություն արեց, թե համալսարանում հսկայական չարաշահումներ են հայտնաբերվել, եւ որ շուտով կհրապարակվեն բոլոր փաստերը: Ժամանակը ցույց տվեց, որ ոչ մի լուրջ փաստ էլ չի հայտնաբերվել, իսկ հետո արդեն սկանդալում հայտնվեց Դավիթ Սանասարյանը: Հեղափոխության առաջամարտիկներից մեկը խառն է կոռուպցիոն սկանդալում:
Այս իրավիճակում համալսարանի ռեկտորի դեմ գրոհին ներգրավեց ոստիկանությունը: Փետրվարի 20-ին ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց, որտեղ ասվում էր, թե ԵՊՀ 18 աշխատակից փաստացի աշխատանքի չի գնացել, սակայն դրա դիմաց աշխատավարձ է ստացել, որի հետեւանքով պետությանը շուրջ 18 մլն դրամի վնաս է պատճառվել։ Իսկ ռեկտոր Արամ Սիմոնյանին էլ մեղադրում են 10 հազար դոլարի համապատասխան գույք որպես կաշառք ստանալու, այսինքն՝ իր բնակարանը վերանորգելու մեջ։
Ինքը՝ ռեկտորը, իրեն ուղղված մեղադրանքները չի ընդունում, նրա խոսքով՝ դա ընդամենը շոու է, բացի այդ նա նշել է, որ խախտվել է իր անմեղության կանխավարկածը։
Տեսնելով, որ այս գրոհները արդյունք չեն տալիս, հիմա էլ որոշել են դնել եւ պարզ քվեարկությամբ ազատվել ռեկտորից:
Այս պատմությունից, այս ամենից տուժում է պետհամալսարանը, ընկնում է գործող իշխանությունների առանց այն էլ սրընթաց անկում ապրող վարկանիշը եւ վերջապես երկրում ավելի ու ավելի է ավելանում գաղջը: Ի վերջո, եթե իշխանություններին հաջողվի հասնել իրենց նպատակին եւ մի պատանյակի ռեկտոր նշանակել, ապա դրանից որեւէ մեկը չի շահելու, իսկ ամենաշատը տուժելու են հենց իշխանությունը եւ ԵՊՀ-ն:
Վարդան Մխիթարյան
Top-News.am