Տնտեսական հեղափոխությունը եւ կապիտալի աննախադեպ արտահոսքը
Գործող իշխանությունները հիմա էլ խոսում են տնտեսական հեղափոխության մասին, իհարկե, դրա պատասխանատու նշանակելով ժողովրդին, բայց որեւէ կոնկրետ գործողությունների ծրագիր, ճանապարհային քարտեզ չեն ներկայացնում, թե ինչպես եւ ինչ ժամկետներում են իրականացնելու «տնտեսական հեղափոխությունը»:
Այնինչ, «տնտեսական հեղափոխությունը» արդեն իսկ հիշեցնում է կոմունիզմի կառուցման գործընթացը, Հայաստանում բավական կարեւոր գործընթացներ են տեղի ունենում, որի մասին կառավարող ուժի ներկայացուցիչները նախընտրում են չխոսել:
Պաշտոնական տեղեկություններով՝ 2018 թվականին ֆիզիկական անձանց կողմից բանկերի միջոցով Հայաստանից դուրս է բերվել ավելի քան 1,18 միլիարդ ԱՄՆ դոլար։ Ուշադրություն դարձրեք, որ խոսքը միայն բանկերի միջոցով իրականացված գործողությունների մասին է: Պարզ է, որ կապիտալը երկրից դուրս է բերվել նաեւ առանց բանկերի օգնության:
Ընդգծենք, որ 1.18 միլիարդը ռեկորդ է: Նախկին ռեկորդը սահմանվել էր 2008-ին, երբ երկրից դուրս էր բերվել 1.12 միլիարդ ԱՄն դոլար:
Ստացվում է, որ 2018-ին միջին հաշվով յուրաքանչյուր ամիս Հայաստանից դուրս է բերվել 90 միլիոն դոլար, իսկ թե որքան են կազմել օտարերկրյա ներդրումները, վիճակագրությունը համեստորեն լռում է:
Իհարկե, այնպես չէ, որ նախկինում երկրից դոլարներ դուրս չեն բերվել: Ցավոք, նախկինում եւս արտահոսքը մեծ է եղել, բայց մտահոգիչն այն է, որ հիմա այն նոր թափ է ստացել: Մտահոգիչ է, որ կապիտալի արտահոսքը մեծ է եղել հատկապես հոկտեմբեր-դեկտեմբերին՝ ամսական մոտ 120 միլիոն դոլար։
Ստացվում է, որ կապիտալն այս իշխանություններին չի վստահում, եւ ինչպես վստահի, երբ առաջարկում են բիզնեսին ունեցվածքի 70 տոկոսը հանձնել պետությանը, երբ հայտարարում են, թե գիտեն ով որքան գումար ունի բանկերում: Բիզնեսը նման վերաբերմունք չի սիրում, իսկ կապիտալը փախչում է նման միջավայրից:
Ի դեպ, առանց կապիտալի, առանց բիզնեսի ներկայացուցիչների, առանց հայաստանցի եւ օտարերկրյա ներդրողների ոչ միայն տնտեսական հեղափոխություն չի լինի, այլ ընդհանրապես տնտեսական աճ չի լինի:
Վահրամ Գեւորգյան
Top-News.am