Հիմա օլիգարխներ կա՞ն, թե ոչ
«Ես արդեն հայտարարել եմ, որ Հայաստանում օլիգարխներ չկան»,- 2018թ. հոկտեմբերի 18-ին հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը: «Ամեն մարդ, ով ՀՀ քաղաքացուն ուզում է ներշնչել, որ նա ոչինչ է, այդ ասողն ինքը ոչինչ է, եւ մենք գաղափարապես պետք է նրան ոչնչացնենք հենց իր օլիգարխական բնում»,- կրկին ասել է Նիկոլ Փաշինյանը, այս անգամ արդեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 4-րդ հերթական համաժողովի ժամանակ՝ փետրվարի 24-ին:
Եւ այստեղ հարց է առաջանում, թե հիմա Հայաստանում օլիգարխներ, օլիգարխական բներ կան, թե՞ ոչ: Եթե հոկտեմբերի կեսերին արդեն չկային, ապա պետք է որ հիմա էլ չլինեին:
Պարզվում է, սակայն, որ դեռ կան եւ այնտեղից իբր ժողովրդին ներշնչում են, թե իբր նա ոչինչ է: Դժվար է ասել, թե ով է այդ ներշնչողը կամ ովքեր են այդ ներշնչողները, բայց ժողովուրդը, Նիկոլ Փաշինյանին ձայն տվողները նրանից են լսել, որ ամոթ է աշխատել հիսուն հազարով, որ ծուլանալու փոխարեն պետք է աշխատել, որ աղքատությունը մարդու գլխում է եւ ոչ կողքին կամ այլ տեղ:
Ավելին, եթե նույնիսկ կա այդպիսի օլիգարխ, ապա նա ոչինչ է պետության լծակներն ունեցող ուժի ձեռքին: Եթե ներշնչող կա, այնպես արեք, որ մարդը չներշնչվի, այլ ներշնչվի այլ գաղափարներով:
Մտահոգիչ է նաեւ այն ագրեսիվ, բացասական էներգետիկայով տոնը, որ պահպանում է երկրի թիվ մեկ պաշտոնը զբաղեցնող մարդը: «Ոչնչացնենք», «օլիգարխիկ բուն», «նրանք քթերն իրենց բներից չպետք է հանեն» արտահայտություններով առաջ շարժվել չենք կարող: Նման բացասական եւ ագրեսիվ էներգետիկայով ոչ ժողովրդավարական, ոչ էլ զարգացող տնտեսություն ունեցող երկիր չենք կարող ունենալ:
Այս արտահայտությունները, որոնք հնչեցվում են երկրի թիվ մեկ պաշտոնյայի կողմից վախեցնում են բիզնեսին, վախեցնում ներդնողներին, մտահոգում ՀՀ քաղաքացիներին:
Ոչ նախընտրական փուլ է, ոչ էլ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիր գործիչ է, որ այսպիսի ոճ է ընտրում: Այս ոճը, տոնը, կեցվածքը մեզ հեռուն տանել չեն կարող:
Հակոբ Ասատրյան
Top-News.am