«Նակոլկա Շուշոն» կտրամադրի անձնական հեռախոսի տվյալները
ՊԵԿ նախագահի տեղակալ, մաքսային ոլորտը համակարգող Շուշանիկ Ներսիսյանը, որին համակարգում կնքել են «Նակոլկա Շուշո» մականունով՝ ոտքին ունեցած դաջվածքի համար, անդրադարձել է մեր հրապարակմանը, որ ինքն անձամբ է կառավարում «Նորֆոլկին» փոխարինած մաքսային միջնորդական ծառայություններ իրականացնող պետական ընկերությունը։
Մոտ մեկ ամիս առաջ hraparak.am-ը գրել էր, որ Շուշանիկ Ներսիսյանի ունիկալ գործունեության մասին ու տեղեկացրել նաեւ, որ նախկին «Նորֆոլկ քոնսալթինգից» ազատվելու նպատակը «Յունիսերվ» ՍՊԸ-ն ստեղծելն էր, որը իրականացնելու է նույն գործառույթները՝ զբաղվելով մաքսային միջնորդական ծառայությամբ։
«Դատելով վերջին շրջանում իմ անձին վերագրվող տարբեր կեղծ լուրերը, որոնցից վերջինը վերաբերում է նորաստեղծ մաքսային միջնորդական կազմակերպության իրական շահառու լինելուն` կարելի է եզրակացնել, որ իմ գործունեությունը շատ մարդկանց խանգարում է։ Հետաքրքիր են նաև «որոշ» մաքսային միջնորդների շրջանակներում տարածված խուճապահար խոսակցությունները, որոնցից կարելի է փաստել, որ աշխատանքս գնում է ճիշտ ուղղությամբ։ Պաշտոնապես հայտարարում եմ, որ չունեմ առնչություն ոչ մի բրոկերական գրասենյակի հետ և պետական պաշտոն զբաղեցնելու ընթացքում չեմ զբաղվելու ոչ մի ձեռնարկատիրական գործունեությամբ։ Կոչ եմ անում համապատասխան մարմիններին անհրաժեշտության դեպքում ուսումնասիրել իմ գործունեությունը և առաջարկում եմ իմ լիակատար համագործակցությունը՝ սկսած ֆինանսական միջոցների մասին տեղեկություն տրամադրելուց, մինչև անձնական հեռախոսի տվյալների ուսումնասիրություն»,- իր ֆեյսբուքի էջում գրել է Ներսիյանը։