Չկա գյուղնախարարություն, չկա գյուղացու խնդիր
Տարիներ առաջ, երբ դեռ իշխանության էին նախկին «սեւ» իշխանությունները, որոշում կայացվեց աջակցություն ցուցաբերել գյուղացիներին դիզվառելիքի եւ պարարտանյութերի հարցում: Ճիշտ է աջակցությունը շատ մեծ չէ, բայց գյուղացու համար գոնե որոշ չափով աջակցություն էր:
Երբ անցած տարվա ապրիլին քաղաքաբնակների հետ միաժամանակ ակտիվացան եւ ոգեւորվեցին նաեւ գյուղացիները, նրանք հույս ունեին, որ Սերժ Սարգսյանի հրաժարականից եւ նոր իշխանության ձեւավորումից հետո իրենց խնդիրներն ավելի արագ եւ արդյունավետ լուծում կգտնեն:
Հուսալը հուսացին, բայց հիմա համառ լուրեր են պտտվում եւ մամուլն էլ արդեն գրել է, որ գյուղացիներին ասել են, որ չսպասեք դիզվառելիքի եւ պարարտանյութի: Խնայողությունների ժամանակներն են սկսվել: հենց այս խնայողության շրջանակներում էլ վարչապետն իր կնոջ հետ Լոռի ոչ թե ավտոմեքենայով է գնում, այլ ուղղաթիռով:
Հիմա գյուղացիները պետք է հասկանան, որ մանկավարժին քիչ են վճարում, բժշկին քիչ են վճարում, բոլորին քիչ են վճարում, գյուղատնտեսությունը գոնե չնչին չափով չեն սուբսիդավորում, գյուղնախարարությունը վերացնում են, որ խնայված միջոցներով ուղղաթիռային եւ այլ կարգի ճամփորդություններն ավելի շատ լինեն: Պետք է հասկանան եւ չտրտնջան ու ոչ մի կերպ թույլ չտան, որ հակահեղափոխականները սողոսկեն իրենց շարքերը:
Ոչինչ, որ հարեւան Վրաստանում գյուղատնտեսությանն աջակցող հիմնադրամ կա, որը գյուղացիները գրեթե անտոկոս վարկեր, մեծ հաշվով դրամաշնորհներ է տալիս: Ոչինչ, որ շատ այլ, ավելի հարուստ երկրներում գյուղատնտեսությունը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում: Մենք պետք է բոլոր հարցերին «դուխով» մոտենանք, առանց հակահեղափոխական տրամադրությունների:
Վարդան Մխիթարյան
Top-News.am