Կարեւոր հարցերն ու ֆեյքերի գրոհը
Ֆեյքերը՝ կեղծ օգտատերերը, կարծես թե, փորձում են դառնալ կարեւոր գործոն երկրում հասարակական կարծիք ձեւավորելու համար: Իսկ ավելի ճիշտ ոչ թե ֆեյքերը, այլ նրանց բազմացնողներն ու ուղղորդողները, ինչը ոչ մի լավ հետեւանք չի կարող ունենալ:
Ֆեյքերի գրոհների օգնությամբ փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե այս կամ այն հարցի շուրջ հանրությունն ինչպես է մտածում, այս կամ այն ներկա եւ նախկին պաշտոնյայի մասին ինչ է մտածում: Փորձում են տպավորություն ստեղծել, իսկ հետո համապատասխան որոշումը կայացնել՝ հղում անելով այդ «հասարակական կարծիքի» վրա:
Օրերս «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանն իր տեսակետն էր հայտնել կարեւոր խնդիրներից մեկի վերաբերյալ:
«Չի կարելի գնալ ամեն տեղ, ամեն գյուղում, դպրոցում, մանկապարտեզում, ամեն ամեն տեղ հանցագործություն ու կոռուպցիա տեսնելու ճանապարհով։ Սրա վերջը պատկերացնո՞ւմ եք։ Կքանդվի երկիրը...»: Սա էր հիմնական ուղերձը։
Էլինար Վարդանյանին արձագանքեց ՀՀ ոստիկանությունը՝ «Այլընտրանքային նախագծեր խմբի» ներկայացուցչի տեսակետը համարելով մեղադրանք ոստիկանությանը, թեեւ ուղերձի հասցեատերը ոստիկանությունը չէր, բայց ոստիկանության հետ միաժամանակ արձագանքեցին նաեւ ֆեյքերը, որոնք շտապեցին պաշտպանել ոստիկանությանը եւ միաժամանակ ամենակեղտոտ վիրավորանքները գրել գրառման հեղինակի հասցեին:
Սա լավ առիթ էր, որ ոստիկանությունը փորձի գտնել վիրավորանքներ գրող, հրապարակող ֆեյքերին, նաեւ տնտային տնտեսուհիներին եւ տարիքն առած, բայց չմեծացած տղամարդկանց, որ իրենց կարող են թույլ տալ վիրավորել, սպառնալ մարդուն միայն նրա համար, որ նա համարձակվել է տեսակետ հայտնել:
Ոստիկանությունը ոչինչ չարեց, ինչը ստիպում է մտածել, իսկ գուցե ոստիկանությունն էլ իր ֆեյքերն ունի:
Իսկ ի՞նչ է լինելու, երբ քննարկվի Արցախի խնդիրը կամ մեկ այլ կարեւոր հար: Նորից ֆեյքերի օգնությամբ է ձեւավորվելո՞ւ հասարակական կարծիքը, նորից նրանք են պատրանք ստեղծելու, թե հասարակությունն ինչ է իրականում մտածում Արցախի խնդրի կարգավորման կամ ասենք ՀՀ-ԵՏՄ կամ ՀՀ-ԵՄ փոխհարաբերությունների աստիճանի մասին:
Այս ամենն արդեն նողկանք է առաջացնում: Զսպեք ձեր ֆեյքերին, եւ դադարեք նրանց օգնությամբ հասարակական կարծիքի պատրանք ստեղծել:
Վարդան Մխիթարյան
Top-News.am